ՀՊՉ-Ի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄ

 

Վերապատրաստողի դիտարկում


ՀՊՉ-ի վերապատրաստումներ են իրականացնում նաև Տավուշի մարզի ուսուցիչներից նրանք, ովքեր հաջողել են նոր չափորոշչի փորձարկումներում և այսօր իրենց փորձա­ռու­թյունն են փոխանցում հանրապետության մյուս մարզերի ուսուցիչներին։ Այդ ուսուցիչ­ներից է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անի Արզումանյանը, որը մեզ է փոխանցել իր անցկացրած վերապատրաստումներից ոգևորված ուսուցիչներից մեկի դասերից մի պատառիկ։«Նոր ՀՊՉ-ի դասընթացից հետո մեր ուսուցիչներից Լուսինե Մսրյանը (ՀՀ Շիրակի մարզի «Ոսկեհասկի միջնակարգ դպրոց») գեղեցիկ դաս ունեցավ 8֊րդ դասարանում։

Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցման ընթացքում փորձեցին կիրառել թեմատիկ պլանի նոր բաղադրիչ` «որտեղ»֊ը։ Այս դեպքում «որտեղ»֊ը լեռների մեջ ծվարած մի փոքրիկ լճակ էր, որը (ինչպես երևաց դասի ավարտին) ծովի արժեք ունեցավ։ «Ձկնորս» աշակերտների համար ուսուցիչը նախօրոք մշակել էր համապատասխան հարցեր` ստուգելու նրանց զգացածը, այնուհետև դրանք համեմատելու ծերունու ապրումների հետ։ Դասի նպատակն իրատեսական էր, քանզի դասի ավարտին բոլոր աշակերտներն ապրումակցեցին ծերունուն և համաձայնեցին նրա հետ. «Բայց մարդը նրա համար չէ ստեղծված,որ պար­տություն կրի։ Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել»։

Այս գեղեցիկ դասը համարում եմ ՀՊՉ-ի ներդրման հաջողված փորձ, արդյունավետ ներ­դրման վառ օրինակ։








Comments