Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրենների կառավարչական կոմպետենցիաների բարձրացմանն ուղղված երկօրյա արտագնա աշխատաժողով
Սեպտեմբերի 25-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից կազմակերպված մանկապարտեզների տնօրենների կառավարչական կոմպետենցիայի բարձրացմանն ուղղված արտագնա սեմինար։
Աշխատաժողովին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետեր, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ԿՏԱԿ-ի մասնագետներ և «Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետներ։
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի կողմից ներկայացվեց հիմնադրամի աշխատանքային գործունեության նպատակները և որդեգրած ռազմավարությունը: Արտագնա աշխատաժողովի օրակարգում մասնագետները ունեին աշխատանքային երկու մաս՝ տեսական և գործնական (ենթախմբային աշխատանք):
Տեսական մասում ներկայացվեց նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի (Հայաստանի Հանրապետության կառավարության 13 մայիսի 2021թ. N 744 Ն որոշումը «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին») կառուցվածքը և բովանդակությունը:
Գործնական մասում մասնակիցները ձևավորեցին աշխատանքային խմբեր և մշակեցին նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթական համալիր ծրագրերի իրենց մոդելը՝ ըստ տարիքային խմբերի (վաղ մանկության տարիքի առաջին ( մինչև 1 տարեկան), վաղ մանկության տարիքի երկրորդ (1-ից մինչև 2 տարեկան), կրտսեր առաջին (2-ից մինչև 3 տարեկան), կրտսեր երկրորդ (3-ից մինչև 4 տարեկան), միջին (4-ից մինչև 5 տարեկան), ավագ (5-ից մինչև 6 տարեկան) խմբերի համար):
Ամփոփիչ խոսքում ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի կողմից ևս մեկ անգամ շեշտադրվեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի որդեգրած ռազմավարության իրականացման գործում գործող մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը և հետագայում պարբերաբար կազմակերպվող հանդիպումների կարևորությունը:
Comments
Post a Comment