Այս պատմությունը ամբողջությամբ հորինված է։ Եթե այն ծանոթ լինի ձեզ՝ պատահականություն է։
Խնդրում եմ թվարկեք՝
- տնօրենի սխալները,
- փոխտնօրենի սխալները,
- ուսուցչի սխալները,
- աշակերտների սխալները։
Դպրոցում օրը սկսվում է շատ ակտիվ։ Ուսուցիչները շտապում են դասարան։ Սորովողները գալիս են դպրոց։ Դասարան հասած աշակերտները պատուհանից նայում են դպրոց մտնող ուսուցչին և նրա ետևից դպրոց հասնող իրենց դասընկերներին։ Նրանք հասկանում են, որ առաջին դասաժամը ուշ է սկսելու։
Փոխտնօրենը մտնում է դասարն, նստում է վերջին նստարանին, որը դասարանի դռնից հեռու շարքում էր գտնվում։ Աշակերտները զարմանում են։ Չեն պատկերացնում՝ ինչ անել։ Զանգը դեռ չէր հնչել։ Սովորողները իրավունք ունեին դեռևս իրենց տեղը չնստելու։ Բայց փոխտնօրենը նստել էր և քննող հայացքով նրանց էր նայում։ Ոչինչ չէր ասում։ Մի քանի աշակերտներ նստեցին իրենց տեղը։ Միևնույն է, շուտով ուսուցիչը կգա։ Մյուսներն էլ քայլեցին դեպի իրենց նստարանը։
Երբ ուշացած աշակերտներից առաջինը հասավ դասարան, անակնկալի եկավ։ Բոլորը նստած էին։ Ուսուցիչը չկար, բայց սովորողները լուռ էին։ Զարմացած, բայց անբռնազբոսիկ, աշակերտը մոտեցավ իր նստարանին, շրխկալով պայուսակը դրեց նստարանին և նկատեց փոխտնօրենին։ Շփոթվեց, բարևեց ու նստեց։
Հնչեց զանգը, և զանգի ձայնի հետ դասարան մտավ ուսուցիչը։ Ուրախացավ, որ աշակերտները տեղավորվել են արդեն։ Զարմացավ, բայց մտածեց, որ առավոտ շուտ բոլորը քնատ են, քանի որ լույսը ուշ է բացվում հիմա։ Բայց, անհասկանալի այդ վիճակին, շատ ժամանակ չէր կարող տրամադրվել։ Անհրաժեշտ էր՝ դասը սկսել։
Երբ ուսուցիչը մտավ դասարան, աշակերտները դուրս եկան անհարմար վիճակից և աշխուժացան։ Ուսուցիչը ձեռքով շարժում արեց ու հրահանգեց՝ լռեն։ Ու ձեռքի շարժումը դանդաղ ավարտեց՝ տեսնելով փոխտնօրենին։ Թեթև ժպիտ նշմարվեց դեմքին։ Գլխով բարևեց փոխտնօրենին ու սկսեց դասը։ Բայց․․․ սկսեց սխալ տեղից։ Նրան այդպես թվաց, որովհետև չէր պլանավորել՝ որտեղից էր սկսելու։ Բայց արդեն մտածում էր, թե դասալսման արդյունքները քննարկելիս՝ ինչպես է հիմնավորելու դասը այդպես սկսելը, որովհետև իրեն շարունակում էր թվալ, որ սխալ էր սկսել։ Աշակերտները սպասում էին նրա հրահանգներին, և քանի որ դրանք ուշանում էին, խոսում էին իրար հետ։ Շշուկով էին խոսում, մարդ կար դասարանում, բայց ասելիքը պետք էր ասվեր։
Ուսուցիչը գրատախտակի մոտ կանչեց լավագույն աշակերտին և հանձնարարեց երեկվա լուծած ամենահեշտ վարժությունը լուծել՝ կրկնելու համար։ Համենայն դեպս, կրկնությունը ընդգծեց, որովհետև նկատեց, որ փոխտնօրենը սկսեց իր տետրում գրել։ Մյուս աշակերտներին հանձնարարեց՝ աշխատել տեղում նստած։ Աշակերտները սկսեցին նախորդ օրվա էջից վարժությունը արտագրել։ Մինչ գրատախտակի մոտ գնացած աշակերտը կավարտեր, տեղում նստած, նույնիսկ, ծույլիկները ավարտեցին։ Ուսուցիչը զգաց, որ նորից սխալվեց։ Հանձնարարեց ավելի բարդ վարժություն, որպեսզի տեղում նման արագությամբ չավարտեն։ Ու սկսեց գրատախտակի մոտ եկած աշակերտին օգնել, որ հանձնարարությունը շուտ ավարտի։ Այդ ընթացքում դասարանը նորից աշխուժացավ։ Ուսուցիչը շրջվեց դեպի դասարանը և հրահանգեց, որ լռեն ու տեսավ դասարանից դուրս եկող փոխտնօրենին։ Նա հասկացավ, որ դասից հետո դժվար խոսակցություն է լինելու իր համար։ Աշակերտները ազատվեցին փոխտնօրենի ներկայությունից առաջացած անհարմարությունից։
Փոխտնօրենը զգաց, որ ուսուցիչը հասկացել է դասարանից իր դուրս գալու պատճառը։ Զգուշությամբ դուռը փակեց։ Միջանցքում լռություն էր։ Պատուհանի մոտ կանգնած տնօրենը իրեն էր նայում։ Փոխտնօրենը մոտեցավ տնօրենին՝ չգիտակցելով, թե ինչ պատճառաբանություն է հորինելու՝ դասը կիսատ թողելու և դասարանից դուրս գալու համար։
This comment has been removed by the author.
ReplyDeleteԱմենամեծ սխալը՝ արդարացնել այն իրավիճակը, ինչը արդարացնելու չէ։ Երեխաները սխալներ չունեին․ պահում էին իրենց այնպես, ինչպես որ իրենց վերաբերվում էին։ Ուսուցչուհին դասին պատրաստ չէր։ Նշանակություն չունի, թե ով է դասալսման եկել, եթե կա հստակ նպատակ և պլանավորում, ապա չպետք է անիմաստ փոփոխություն կատարել։ Փոխտնօրենն էլ արդեն փորձում էր սուտ հորինել տնօրենի համար։ Տնօրենն այս պատմության մեջ դեռ գործողություն չի արել, նա ուղղակի կանգնած էր պատուհանի մոտ․․․ Կրթության մեջ անազնվությունը տեղ չունի․․․այն ծնում է կեղծ մարդիկ և բռնակալներ․․․
ReplyDeleteJanuary 31, 2022 at 10:19 AM