Երկարօրյա



Շատ կարևոր է օգնել նյութը բավարար չափով չյուրացրած սվորողներին։ 

Ուսուցման ընթացքը դպրոցում այսօր շատ արագ է։ Այդ ընթացքից որևէ պատճառով, նույնիսկ կարճ ժամանակով դուրս մնալու դեպքում, սովորողը կորցնում է հիմքը հաջորդ նյութը յուրացնելու համար։ Եթե ուսուցչի կամ ընտանիքի կողմից սովորողը չի ստանում աջակցություն այդ հիմքը վերականգնելու համար, սկսում է ավելի ու ավելի թուլանալ։

Այս խնդիրը հնարավոր է լուծել ժամանակին և ճիշտ գնահատելով իրավիճակը։ Իրավիճակը գնահատելու ամենից հարմար գործիքը թեմատիկ գրավոր աշխատանքն է։ Ճիշտ կազմված աշխատանքի արդյունքը անմիջապես ցույց է տալիս թեմայի նյութը բավարար չյուրացրած սովորողին։ Այս սովորողներին օգնելու համար ուսուցիչը դասերից հետո նրանց հետ լրացուցիչ դաս է կազմակերպում։ Այդ դասերը անվանում ենք երկարօրյա պարապմունք։ Այստեղ սովորողները նորից սովորում են թեմայի այն նյութը, որը չէին յուրացրել։ Քանի որ յուրաքանչյուր սովորողի կարիքը տարբեր է, ուսուցիչը երկարօրյա դասերին ցուցաբերում է անհատական մոտեցում։ Տարբեր է նաև սվորողների աշխատանքի տևողությունը երկարօրյա դասերին։ Նրանք այստեղ են բաց թողածը վերականգնելու համար և վերականգնելուց հետո կարիք չեն ունենա մասնակցել այս դասերին։ 

Երբ բոլոր աշակերտները կյուրացնեն նյութը պահանջվող չափով, երկարօրյա դասերը կդադարեն մինչև հաջորդ թեմատիկ աշխատանքը։ Հաջորդ թեմատիկ աշխատանքից հետո այս ալգորիթմը կսկսի աշխատել սկզբից։

Եթե հաջորդ թեմատիկ աշխատանքից հետո նույն աշակերտները նորից նույն առարկայից հայտնվեն երկարօրյա դասարանում, դպրոցի տնօրենը և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը ուսուցչից կպահանջեն բացատրություն։ Բացատրությունից հետո, երբ պարզ դառնա սովորողների կողմից նյութը չյուրացնելու և դասերի ընթացքում այդ սովորողներին օգնել չկարողանալու ուսուցչի խնդիրը, դպրոցի ղեկավարները կկարողանան գտնել ուսուցչին մեթոդական օգնություն ցույց տալու եղանակը։

Comments