Կայացավ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը

 


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)


20052022 թ «Երևա՛ն, իմ սեր» հիմնադրամում կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը։  

    Հանդիպմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ԺՊ Արտաշես Թորոսյանը,       ծրագրին մասնակից 76 դպրոցների ներկայացուցիչներ։

     Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակիցներին «ԿԶՆԱԿ-ի նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի, եթե դուք չկարևորեիք երեխաների՝ ընթերցանության հմտությունները զարգացնելու և կարդացածը վերարտադրելու կարողությունները՝ փորձարկելով նոր մեթոդներ։ Ժամանակն արագ է ընթանում, ինֆորմացիան շատ մեծ ծավալների է հասնում, հետևաբար դպրոցը պետք է գտնի նոր ու արդյունավետ ձևեր երեխաների հետ աշխատելու համար։ Բարդ ու պատասխանատու է մտնել փորձարկվող ծրագրի մեջ, և ինքդ դառնալ առաջնորդող մյուս մանկավարժների համար»,- նշեց նախարարի տեղակալը՝ ուսուցիչներին շնորհակալություն հայտնելով խիզախության, նախաձեռնողականության և ներդրած ջանքերի համար։

     Քննարկման ժամանակ մասնակիցները խոսեցին  ծրագրի շրջանակում իրենց ձեռքբերումների մասին, առանձնացրին հանդիպած դժվարությունները, նաև հանդես եկան առաջարկություններով։

     Ծրագրի հաջողությունների շարքում ուսուցիչները նշեցին ընթերցանության որակի բարելավումը, մրցակցության մեծացումը, գրադարանի հետ կապի ամրապնդումը, գրքերի քննարկումների արդյունավետությունը, ինչպես նաև ծնողների ու դպրոցների հետ համագործակցությունը։ Դժվարությունների մեջ առանձնացվեցին աշակերտների կենտրոնացման խնդիրը և դասարանների խտության հարցերը։ Ուսուցիչները, կարևորելով  ծրագրի շարունակականությունը, առաջարկեցին բարձր դասարաններում ևս ներդնել այն՝ համապատասխանեցնելով տարիքային և չափորոշչային պահանջներին։

     Ծրագրի համակարգող Նաիրա Ղումաշյանը ներկայացրեց կատարված աշխատանքների ամփոփ վերլուծությունը, ինչպես նաև՝ «ԿԶՆԱԿ»-ի կողմից իրականացված մշտադիտարկման ու արտաքին գնահատման արդյունքները։ Արտաքին գնահատում անցած 25 դպրոցներին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու և համագործակցության համար։

     «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը շարունակվելու է մասնակից բոլոր դպրոցներում։ Հայտերի ընդունումը շարունակվում է։ Վերապատրաստումները կվերսկսվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։




Comments