Օգոստոսի 20-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրեններ և փոխտնօրեններ:
Օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանը, որը մարզի դպրոցներում կիրառվում է դեռևս անցյալ ուսումնական տարվանից, և վերջինս շարունակվելու է այս ուսումանական տարվանից. այս տարի հանրակրթության նոր չափորոշիչը կիրառվելու է Տավուշի մարզի դպրոցների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարաններում, իսկ 2023 թվականի սեպտեմբերից, փուլային կարգով, կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կա տեսանելի փոփոխություն նախորդ տարվա սեպտեմբերի և ուսումնական տարվա վերջի համեմատությամբ։
Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ Տավուշի մարզում փորձարկվող դասարանների համար դպրոցների ֆինանսավորումը նախատեսված է նոր չափորոշչով նախատեսված չափանիշներին համապատասխան։ Տավուշի դպրոցները ֆինանսավորվում են նաև նախագծային ուսուցման և խմբակների համար, իսկ ավագ դասարաններում՝ ընտրովի առարկաների համար, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող մանկավարժների վարձատրությունը հաշվարկվում է ավելի ցածր ծանրաբեռնվածությամբ տարիֆիկացմամբ, որը ևս նախատեսված է հանրակրթության նոր չափորոշչով։
Ա․ Թորոսյանը նշել է, որ այդ աշխատանքները պետք է իրականացնել ուսումնական պլանով նախատեսված ընտրովի բաղադրիչի հաշվին, որին հատակցված են համապատասխան ժամաքանակներ և դրանց տնօրինման հարցում դպրոցն ազատ է։
Նշենք, որ նույն օրն Իջևանի թիվ 5-րդ դպրոցում ԿԶՆԱԿ-ի մասնագետներն առանձին աշխատանքային խորհրդակցություն են վարել մարզի դպրոցների փոխտնօրենների և դասավանդող ուսուցիչների հետ, որի ընթացքում նրանց ներկայացվել են ուսումնական նոր նյութեր և մեթոդական ուղեցույցներ։
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների շենքերի տեխնիկական վիճակին, աշխատավարձերի բարձրացմանը, ատեստավորմանը և մի շարք այլ խնդիրների:
Comments
Post a Comment