Նոր ուսումնական տարվա աշխատանքների մասին

 


Արդեն մեկ շաբաթ է ինչ ԿԳՄՍ նախարարության  կողմից տարբեր մարզերում կամակերպվում են օգոստոսյան խորհրդակցություններ։  Դպրոցների տնօրեններին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներին ներկայացվում է կրթական համակարգի փոփոխությունները, նորությունները և համատեղ իրականացվելիք աշխատանքները։ Նախարարությունը, ԿԶՆԱԿ-ը, ԿՏԱԿ-ը, ՀՄԿ-ն ունեն բազմաթիվ նախագծեր, որոնք իրականացվելու են դպրոցների հետ սերտ համագործակցության արդյունքում։

Ներկայցվում է  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի պլանավորած աշխատանքները։

Նախորդ ուսումնական տարվա վերջից սկսած իրականացվում են ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումներ։ 14000 ուսուցիչ վերապատրաստվում են ատեստավորման համար։ Վերապատրաստումները շարունակվելու են մինչև նոյեմբեր։ ԿԶՆԱԿ-ը իրականացնում է վերապատրաստումների մշտադիտարկում, որի արդյունքում  նկատելի են դառնում  հաջողված վերապատրաստումները, ինչպես  նաև՝ անհաջողները։ Տեսանելի են վերապատրաստման ընթացքում ակտիվ , բայց նաև վերապատրաստումից օր առաջ հեռանալու երազանք ունեցող ուսուցիչներ։ Ցավոք անտարբեր ուսուցիչները քիչ չեն։ Այդ փաստը անհանգստացնող է։ Մասնագիտական զարգացման նկատմամբ անտարբեր ուսուցիչները սեպտեմբերին իրենց հետ  չեն տանելու այն նորությունները, որ կարող էին ստանալ վերապատրաստումների ընթացքում։ Սովորողներին չեն տալու նոր հնարավորություններ, կարողություններ և գիտելիք։ Ուսուցիչներից շատերը դժվարանում են օգտվել ՏՀՏ-ի հնարավորություններից։ Նրանց մի մասը դժվարանում է օգտվել էլեկտրոնային փոստից, համացանցից, համացանցում առկա մեթոդական նյութերից, չեն կիրառում ՏՀՏ-ն դասի ընթացքում։ Մեծ խնդիրներ ունենք գնահատման հետ կապված։ Ուսուցիչները գնահատման գործող համակարգին վատ են տիրապետում և վերապատրաստումներից հետո այս վիճակը էականորեն չի փոխվում։

Հարց է առաջանում, թե ՝ ինչու։

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ դպրոցների տնօրեններից շատերը անծանոթ են վերապատրաստող կազմակերպությունների մոդուլներին, վերապատրաստման սենյակային պայմաններին, տեխնիկական զինվածությանը, իրենց դպրոցի ուսուցիչների մասնակցության որակին, վերապատրաստողների մասնագիտական պատրաստվածությանը։ Վերապատրաստումներից հետո նրանք, կազմակերպությունների տված տեղեկանքների հիման վրա, ներկայացնելու են ուսուցիչներին ատեստավորման, և այս ամենից հետո  դասապրոցեսը  սեպտեմբերից իրականացվելու է այն որակով, ինչ զարգացումներ իրականում ունեցել են ուսուցիչները՝ վերապատրաստման ընթացքում։

Այդ աշխատանքը դիտարկելու է «ԿԶՆԱԿ» հիմնադրամը։ Դիտարկելու է՝   տեսնելու խնդիրները ,  դրանց հիման վրա  վերանայելու հաջորդ տարվա վերապատրաստումների հետ կապված իր անելիքները, ինչպես նաև օգնելու է ուսուցիչներին  ամբողջ տարվա ընթացքում ՝  նրանց կարողությունները զարգացնելու համար։

Առաջիկայում հաստատվելու է ուսուցիչներին տարակարգ շնորհելու կարգը։ Ուսուցիչները դիմելու են տարակարգ ստանալու համար։ Տարակարգ ստանալու համար նրանք պետք է ներկայացնեն իրեն մանկավարժական պրակտիկան նկարագրող համապատասխան փաստաթղթեր,  օրինակ՝ տարակարգի համար դիմելուն նախորդող 6 ամիսների ընթացքում նրանց մոտ կատարված դասալսումների  արձնագրությունները։ Իսկ եթե այսօրվա դրությամբ ուսուցչի մոտ եղել են շատ քիչ թվով դասալսումներ, կամ չեն եղել բոլորովին, անհրաժեշտ է սեպտեմբերից սկսած դրանք սկսել իրականացնել։ Որպեսզի ուսուցիչները իմանան այդ ամենի մասին, անհրաժեշտ է նրանց ներկայացնել կարգի նախագիծը և աջակցել այն ուսուցիչներին, ովքեր կնախատեսեն առաջիկա 4-6 ամիսների ընթացքում դիմել տարակարգի համար։ Ուսուցիչներին անհրաժեշտ է տեղեկացնել, որ նրանք դիմումին նախորդող ամսվա բոլոր դասերի պլանները  ներկայացնլու են ատեստավորող հանձնաժողովին։ ԵՎ այդ պլանները չի կարելի գրել դիմումին նախորդող մեկ-երկու օրվա ընթացքում։ Տարակարգ շնորհող հանձնաժողովը ունենալու է մասնագետ- խորհրդատուների խումբ, մեծ խումբ, ովքեր դիտարկելու են այդ փաստաթղթերը և ստուգելու են դրանց արժանահավատությունը։ Հետևաբար, դպրոցը կարիք ունի օգնելու ուսուցչին՝ գրել դասերի արդյունավետ պլաններ։

Սովորոաբար ուսուցիչները պնդում են, որ դասի ընթացքում միևնույն է դասի պլանով չի ընթանում դասը և  իմաստ չեն գտնում  գրելու այդ պլանը։ Իրականում տվյալ դասարանի կարիքները ճանաչող, դասի իրական, իրատեսական նպատակներ սահմանել կարողացող, դասի վերջնարդյունքները պատկերացնող ուսուցիչը կազմում է այնպիսի պլան, որը հնարավոր է իրականացնել։ Ու մենք ունենք այդպիսի բազմաթիվ օրինակներ։ Արդեն մոտ կես տարի է ԿԶՆԱԿ-ի մասնագետները ուսուցիչների հետ կազմում են դասերի պլաններ, ուսուցիչները այդ պլաններով պարապում են իրենց դասը, խմբում քննարկում են արդյունքները և հաշվի առնելով փորձը ՝ հաջորդ դասը պլանավորում են ավելի լավ։ Սա երկար տևող աշխատանք է։ Բայց մանկավարժությունը գիտություն է, որն անընդհատ պետք է սովորել։ Ինտուիտիվ աշխատանքը տանում է վատ արդյունքի։ Այդ դասերի պլանները արդեն կան ԿԶՆԱԿ-ի բլոգում, որից կարող են օգտվել ուսուցիչները:

Որպեսզի ուսուցիչները իմանան և կարողանան կիրառել բոլոր նորությունները, պետք է դպրոցներում շատ հստակ պլանավորել աշխատանքները և կառավարման գործընթաց իրականացնել: ԿԶՆԱԿ-ը իրականացնում է տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումներ, որոնց մասնակցելու են հանրապետության բոլոր դպրոցների ներկայացուցիչները։ Նրանք սովորում են նոր չափորոշիչը, նոր ուսումնական պլանը և գնահատման համակարգը, որպեսզի 2023-2024 ուսումնական տարվանից ներդնեն դպրոցի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Սովորում են պլանավորել ուսումնական տարին, կազմել ներդպրոցական վերահսկողության պլան և իրականացնել այն։ Այդ աշխատանքը իրականացնելիս նրանք ուսումնասիրում են ուսուցիչների վերևում նկարագրված աշխատանքը՝ ապահովելով դրա պատշաճ կատարումը՝  ժամանակին ցուցաբերելով  համապատասխան աջակցություն։

Բոլոր աշխատանքները հանդես են գալիս փոխկապակցված ։

ԿԶՆԱԿ-ը մինչև նոյեմբեր ամիսը իրականացնելու է դպրոցների կառավարման խորհուրդների անդամների վերապատրաստումներ։ Այդ վերապատրաստումների ընթացքում խորհուրդների անդամներին ներկայացվելու է ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակված ուղեցույցը, որը խորհրդի անդամներին քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր նիստերի բոլոր հնարավոր հարցերի քննարկման և որոշումների կայացման գործընթացը։ Վերապատրաստման ընթացքում կազմակերպվում են փորձնական նիստեր, որտեղ խորհրդի անդամները լսում են տնօրենի այս կամ այն թեմայի վերաբերյալ տեսագրված զեկույցը և որոշում կայացնում այն հավանության արժանացնելու կամ լրամշակման վերադարձնելու մասին։ Արդյունքները քննարկում են ամբողջ խմբով։ Այս վերապատրաստումները կփոխեն խորհրդի նիստի ընթացքը և դրանք կդարձնեն ավելի բովանդակային, անգամ այն դեպքում, երբ խորհրդի անդամների մի մասը կրթության մասնագետ չէ։

Թե տնօրենների և թե խորհրդի անդամների վերապատրաստումները այսքանով չեն ավարտվելու։ Սեպտեմբերից նրանց մոտ տեղի են ունենալու մշտադիտարկումներ, որտեղ ընթացիկ խնդիրները լուծվելու են ԿԶՆԱԿ-ի մասնագետների խորհրդատվության միջոցով։ Նոյեմբերի վերջին ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում դպրոցների տնօրենները, նրանց տեղակալները, խորհրդի անդամները, վերապատրաստողները ստանալու են իրենց կարողությունները նկարագրող հավաստագրեր։ Հավաստագրերում նշված կարողությունները տարբեր են լինելու տարբեր մարդկանց համար։ Յուրաքանչյուրը ստանալու է իր կարողություններին համապատասխան հավաստագիր։

Այս տարի ԿԶՆԱԿ-ը բոլոր մարզերում իրականացնելու է <Ընթերցանության գնահատումը> և <Ընթերցանության ուսուցումը> թեմաներով վերապատրաստումներ։ Դրանք իրականացվելու են նախորդ ուստարում իրկանացված վերապատրաստումների և դպրոցների կողմից իրականացրած փորձի հիման վրա։ Փորձը ցույց տվեց, որ նպատակահուղղված, հետևողական աշխատանքը տալիս է արդյունք։ Այո՛, այդ արդյունքը սկզբում փոքր է, բայց յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ավելի է մեծանում և, ի վերջ, կփակի Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտության հարցը։ Փորձարկման ընթացքում մենք տեսնում ենք, որ մեր ուսուցիչները ունեն բավարար գիտելիքներ, փորձառություն և պատրաստակամություն։ Տնօրենների կողմից աշխատանքը ուղղորդելու, աշխատանքին հետևելու արդյունքում և ԿԶՆԱԿ-ի մասնագետների աջակցության շնորհիվ իրավիճակը  գնալով սկսեց փոխվել, և այդ ամենը շատ հուսադրող է։ Կարևոր է նաև այն, որ և՛ տնօրենները, և՛ ուսուցիչները հասկացան, տեսան, հավաստիացան, որ նոր մեթոդները և ռազմավարությունները իրականում ոչ թե բարդացնում են իրենց աշխատանքը, ոչ թե ավելացնում են իրենց ծանրաբեռնվածությունը, այլ նույն աշխատանքը հնարավորություն են տալիս կատարել ավելի կարճ ժամանակում, ավելի քիչ էներգիա ծախսելով և ապահովում է ավելի բարձր արդյունավետություն։

Նոր ուսումնական տարվա ընթացքում ԿԶՆԱԿ-ը շարունակելու է նախորդ տարի իրականացրած միջոցառումները։ Հոկտեմբեր ամսին իրականացնելու են սովորողների փոխանակման երկրորդ ծրագիրը։ Այն ունենալու է իրականացման տարբեր նախագծեր՝ հայրենագիտություն, ճարտարագիտական և օլիմպիական խմբակներ, ազգային երգ ու պար։ Մասնակցող դպրոցները ընտրելու են նշված թեմաներից որևէ մեկը և հրավիրելու են այլ դպրոցներից մասնակիցներ։

2022-2023 ուսումնական տարին հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման երկրորդ տարին է Տավուշի մարզում։ Տավուշի մարզում այժմ վերապատրաստվում են այն ուսուցիչները, ովքեր նախորդ տարի չէին դասավանդում փորձարկվող դասարաններում։ Այս տարի էլ մարզի դպրոցները կստանան ԿԶՆԱԿ-ի մասնագետների աջակցությունը՝ և՛ հեռավար, և՛ ամեն շաբաթ մարզի տարածաշրջաններում կազմակերպվող առկա հանդիպումների միջոցով։

Իրականացվելու է <Սասնա ծռեր> էպոսին նվիրված ծրագիրը, որը տեղի կունենա անցած տարվա մասնակից դպրոցներից մեկում։ Այդ դպրոցը կընտրի նախագծի հեղինակ Գյումրու N1 ավագ դպրոցի հանձնաժողովը։ Մասնակից դպրոցները կներկայացնեն թեմային վերաբերող իրենց իրականացրած ուսումնական նախագծերը։

Այս տարի էլ հանրապետության համալսարանների հետ կիրականացնենք ուսումնական նախագծերի ներկայացման աշխատաժողովներ, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցները, անհատ ուսուցիչները իրենց աշակերտների հետ կամ աշակերտները՝ իրենց նախաձեռնությամբ։ Մենք խրախուսելու ենք բոլորի մասնակցությունը։ Այո՛, հանարավոր է լինեն նաև թույլ աշխատանքներ։ Բայց կարևորը առաջ գնալու որոշումը կայացնելն է, իսկ ցանկացողներին օգնելը հեշտ է։

Մենք շատ աշխատանք ունենք անելու, բայց միասին ամեն դժվարություն կհաղթահարենք։

Comments