Արմավիրի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցությունները

  Օգոստոսի 24-ին Արմավիրի մարզի մարզպետարանում կայացել է 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և տնօրենի տեղակալներ։

  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին և որպես առաջնահերթություն՝ կարևորել է հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը: Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով այն կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Որպես նախապատրաստական քայլ` նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության նոր չափորոշչում ԲՏՃՄ ուղղության վրա շեշտադրում է արված, և այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվելու բնագիտական լաբորատորիաների արդյունավետ կիրառմանն ուսուցման գործընթացում: 

    Ժաննա          Անդրեասյանի հավաստմամբ` այս բոլոր խնդիրները հաշվի են առնված դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևում:

Պատասխանելով խորհրդակցության մասնակիցների հարցերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տնօրենների աշխատավարձերի նախատեսվող բարձրացմանը՝ նշելով, որ այժմ մշակվում է նոր կարգ, որը ենթադրաբար ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերից և հնարավորություն է տալու բարձրացնելու տնօրենների, փոխտնօրենների և վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը:

 Միջոցառման ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի  տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանն առնչվող մի շարք պարզաբանումներ՝ մասնավորապես անդրադառնալով նախագծային և հետազոտական ուսուցմանը, երկարօրյա դասերի կազմակերպման խնդիրներին, ուսումնական պլանի առանձնահատկություններին, տնօրենների և տեղակալների պաշտոնի պարտականություններին: 

 Նշենք, որ նույն օրն Արմավիրի հ. 10 հիմնական դպրոցում ԿԶՆԱԿ-ի մասնագետներն առանձին աշխատանքային խորհրդակցություն են վարել մարզի դպրոցների փոխտնօրենների և դասավանդող ուսուցիչների հետ, որի ընթացքում նրանց ներկայացվել են ուսումնական նոր նյութեր և մեթոդական ուղեցույցներ։

  Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների շենքերի տեխնիկական վիճակին, աշխատավարձերի բարձրացմանը, ատեստավորմանը և մի շարք այլ խնդիրների:









Comments