Սեմինար-քննարկում Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների համար

 

Ս/թ մարտի  14-ին Գեղարքունիքի մարզի ք.Գավառի ավագ դպրոցում տեղի ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից  կազմակերպված հերթական սեմինար-քննարկումը՝ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի բոլոր ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։  Սեմինարը վարեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետ Աիդա Սարգսյանը, նույն բաժնի մասնագետ Անի Չախոյանը և Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ  Նարինե Մնացականյանը: Ա. Թորոսյանը ներկայացրեց կրթական բարերեփոխումների, Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը, անելիքները։ Կարևորեց Չափորոշչի ներդրման գործընթացում ուսումնական հաստատությունների  ներդպրոցական  վերահսկողության անհրաժեշտությունը, այդ աշխատանքները առավել արդյունավետ կատարելու համար առաջարկեց տարբեր մեթոդներ, ուղիներ,  գործիքներ: Խոսեց Հայկական կրթական միջավայր կայքէջի Պաշարների շտեմարանում  ուսումնական հաստատությունների կողմից տեղադրված փաստաթղթերի առակայության և բովանդակության մասին։ Նշեց առկա թերությունները տեղադրված նյութերում, հաստատության ուսումնական պլաններում, տարեկան աշխատանքային պլաններում, տվեց համապատասխան խորհրդատվություն նկատված թերացումների վերացման համար։ Հորդորեց ուշադրություն դարձնել էլեկտրոնային մատյանում թեմատիկ պլաններում և օրվա դասի թեմայի անհամապատասխանությունների վրա։ Այնուհետև պատասխանեց մասնակիցների կողմից հնչեցված հարցերին:

                  

Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետ Աիդա Սարգսյանը ներկայացրեց 21-րդ դարի ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների բնութագրիչները, որոնք նկարագրում են դիտարկվող անձի վարքագիծը և ցույց են տալիս տվյալ անձի՝ կարողունակությունների տիրապետման որոշակի մակարդակի ձեռք  բերումը։ Բացատրեց տարրական կրթական աստիճանում սովորողների համար բնութագրիչների կիրառման նշանակության, կարևորության մասին։

Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Անի Չախոյանը ներկայացրեց 21-րդ դարի հմտությունները, որոնք անհրաժեշտ են բազմակողմանի զարգացած, մեդիագրագետ սերունդ ունենալու համար։

Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետ Աիդա Սարգսյանը, նույն բաժնի մասնագետ Անի Չախոյանը, Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ  Նարինե Մնացականյանը կատարեցին դասալսումներ Գավառի ավագ դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների մոտ: Ինչպես նաև Աիդա Սարգսյանի կողմից դիտարկվեց դպրոցի փաստաթղթային շրջանառությունը և դրանց առկայության փաստը։

                 

Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Ն. Մնացականյանը ներկայացրեց «Generation Global» ծրագիրը,որը իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հիմնադրամի օժանդակությամբ՝ 13-17 տարեկան երիտասարդների համար:Նշեց,որ  ծրագրի կազմակերպած քննարկումներին բացի Հայաստանից մասնակցում են նաև Հնդկաստանի, Միացյալ Թագավորության, Իսրայելի, Բութանի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների սովորողները: Առաջարկեց դպրոցներին ներկայացնել ծրագրին մասնակցել ցանկացող սովորողներին, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս շփվել աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ, միասին քննարկել իրենց հետաքրքրող բազմաթիվ թեմաներ՝ աշխարհն առավել կատարյալ և ապահով դարձնելու համար։

 Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին պետ՝  Աիդա Սարգսյան










Comments