ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ


ԿԶՆԱԿ հիմնադրամն արդեն երրորդ անգամ իրականացրեց«Իմ կյանքը համայնքում»աշակերտների փոխանակման ծրագիրը, որի առանցքում հայրենաճանաչությունն է,տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթներիուսումնասիրումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը դպրոցների միջև։ Այս տարվա միջոցառման ամփոփումը կազմակերպվեց ՀՀ Շիրակի մարզի Ջրափի գյուղի միջնակարգ դպրոցում, որոնք այս տարվա ամփոփիչ միջոցառման ջահակիրներն էին: 



Ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, ծրագրի համակարգող Նարինե Մնացականյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Տաթևիկ Հարությունյանը, ներկա էին նաև Շիրակի մարզի փոխմարզպետ՝ Ա․ Մարտիկյանը և կրթության բաժնի պետ՝ Գ․ Ղումաշյանը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ, ծնողներ, աշակերտներ,  որոնք գեղեցիկ միասնական շուրջպարով դիմավորեցին միջոցառման բոլոր հյուրերին: 


 Միջոցառման բացման խոսքում Լիլիթ Մկրտչյանը շնորհակալական խոսք հղեց բոլոր մասնակից դպրոցներին, աշակերտներին ու հյուրընկալ ընտանիքներին, ովքեր մեծ ներդրում էին ունեցել նախագծի կայացման մեջ: Նա նշեց, որ ծրագրի մասնակից դպրոցների ու աշակերտների թիվը գնալով մեծանում է, արդեն ընդգրկվել են բոլոր մարզերը և հնարավոր է առաջիկայում մասնակցություն ցուցաբերեն նաև սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև համագործակցություն ունենալ այլ երկրների դպրոցների հետ:  



Շիրակի մարզի փոխմարզպետ Ա. Մարտիկյանը փաստեց ծրագրի կարևորությունը հայրենաճանաչողության, փորձի փոխանակման, ուսումնական գործընթացը  հետաքրքիր դարձնելու, դպրոցների միջև համագործակցային գործընթացն ապահովելու գործում: Մասնակից աշակերտները, ըստ հյուրընկալված մարզերի, կիսվեցին իրենց տպավորություններով ու պատրաստած պաստառներով ներկայացրին իրենց մեկշաբաթյա առօրյան հյուրընկալած դպրոցներում:  



Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Ա. Տաշչյանը, ով ՀՀ 9 տարբեր մարզեր է ուղարկել 19 աշակերտ, հյուընկալել 8-ը՝ համագործակցելով 12 դպրոցների հետ, ընթերցեց իր դպրոցի աշակերտների ամենօրյա օրագրերի էջերից: Վերջում շնորհակալական խոսք ուղղեց ԿԶՆԱԿ հիմնադրամին նման ծրագրերի միջոցով աշակերտների մոտ լեզվական, մշակութային, սոցիալական, ինքնաճանաչողական և մի շարք այլ կարողունակություններ սերմանելու և մասնագիտական կողմնորոշման ը  օժանդակելու համար:  



Միջոցառման ավարտին աշակերտները տաղավարների շուրջ ներկայացրեցին իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստները, որոնք վերջում համտեսեցին միասին։ 

Այս տարվա նախագծին մասնակցություն ցուցաբերեցին 23 դպրոցներ ՀՀ բոլոր մարզերի տարբեր համայնքներից, փոխանակվեցին 70 աշակերտներ, որոնք տեղափոխվեցին համայնքներ, մեկ շաբաթ շարունակ սովորեցին համայնքի դպրոցում, ապրեցին հյուրընկալ ընտանիքներում: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանի հրամանով բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտներն արժանացան մասնակցության հավաստագրերի: 

 

                             ԿԶՆԱԿ հիմնդարամի կրթական նորարարությունների բաժին 



 







Comments