Տրվեց «Սասնա Ծռեր» համահայկական աշակերտական աշխատաժողովի մեկնարկը

Ս/թ մայիսի 4-ին հեռավար հարթակում տեղի ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից հայտարարված հ «Սասնա Ծռեր» համահայկական աշակերտական աշխատաժողովի մեկնարկը՝ նախատեսված սփյուռքի կրթօջախների համար:



Հանդիպմանը ներկա էին սփյուռքում՝ մասնավորապես Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Վրաստանում գործող հայկական կրթօջախների տնօրեններ և ուսուցիչներ, ԿԶՆԱԿ հիմնադրամի Կրթական նորարարությունների ու հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, բաժնի մասնագետ Նարինե Մնացականյանը, ԿԳՄՍՆ սփյուռքի և արտաքին կապերի բաժնի մասնագետներ Թամարա Զալինյանը և Ռուզաննա Համբարձումյանը:
                                       

Աշխատաժողովի նպատակը. վերահաստատել «Սասնա Ծռեր» էպոսի կարևորությունը՝ ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, մեր ժողովրդի անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, բացահայտելու գործում, ինչպես նաև հաստատել համագործակցային ու փորձի փոխանակման կապեր սփյուռքում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների հետ:

Ողջույնի խոսքի մեջ Լիլիթ Մկրտչյանը կարևորեց Հայաստան- սփյուռք կապերի ամրացումը, համագործակցությունը Հայաստանի և սփյուռքի ուսուցիչների միջև, ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից տարբեր նախագծերին սփյուռքում ապրող աշակերտների մասնակցության ապահովման կարևորությունը, մասնավորապես «Սասնա ծռեր» էպոսին նվիրված աշակերտական աշխատաժողովի մասնակցությունը: Սփյուռքի մասնագետներին ներկայացվեց նաև հիմնադրամի կողմից վերջերս ամփոփված նախագծերից մեկը՝«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը և առաջարկվեց այդ ծրագիրն էլ ուսումնասիրեն և հնարավորինս մասնակցություն ցուցաբերեն, որպես հայրենաճանաչողական նախագիծ՝ սփյուռքում ապրող մեր երեխաներին հայրենիքը ավելի մոտիկից ճանաչելու և բացահայտելու համար: Հանդիպման մասնակից հյուրերը նույնպես ողջունեցին նախաձեռնությունը, կարճ ներկայացրեցին իրենց գործունեությունը և հարցեր ուղղեցին առաջիկա նախագծի վերաբերյալ, որին սիրով պատասխանեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի և ԿԳՄՍն սփյուռքի և արտաքին կապերի բաժնի մասնագետները:

Հանդիպման ավարտին Թամարա Զալինյանը հայտնեց, որ մանկավարժներին մեթոդական աջակցություն ցույց տալու նպատակով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից նախապատրաստել են դասախոսությունների շարք ՝ «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ:


 ԿԶՆԱԿ հիմնադրամ, Կրթական նորարարությունների բաժին

Comments