Հանդիպում Generation Global թիմի մասնակիցների հետ

 

Արդեն 2 տարի է հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներ մասնակցում են «Generation Global» ծրագրին, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հիմնադրամի օժանդակությամբ՝ 13-17 տարեկան սովորողների համար:

ԿԶՆԱԿ-ի աջակցությամբ ծրագրին միացան ՅՈւՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցներից 10-ը և վերջին մեկ տարվա ընթացքում ԿԶՆԱԿ-ի կողմից ՀՀ մարզերում, Երևանում անցկացված տեղեկատվական սեմինարների արդյունքում ծրագրին միացան և սկսեցին ակտիվ աշխատել հանրապետության ևս 15 դպրոցներ: Այսօր ծրագրում ընդգրկված են 35 դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից. բացի Վայոց Ձորից:

Այս ընթացքում դպրոցների հետ հանդիպումները կազմակերպվում էին առցանց. ծրագիրը համակարգող ուսուցիչները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները, պատմում էին, թե որ թեմաներով տեսակոնֆերանսների են մասնակցել իրենց աշակերտները, կիսվում էին իրենց փորձով:

Հունիսի 29-ին  «Երևան իմ սեր հիմնադրամի,, Լուսէ կենտրոնում կազմակերպված հանդիպումը նպատակ ուներ հավաքել ծրագրին մասնակից բոլոր դպրոցների տնօրեններին, համակարգող ուսուցիչներին և ակտիվ սովորողներին՝ միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, կարծիքներ փոխանակելու, ծրագրի հետագա քայլերը քննարկելու համար:

Հանդիպում-կոնֆերանսին ներկա էին բոլոր դպրոցների ներկայացուցիչները բացի Տավուշի մարզի 2 դպրոցներից:

Հանդիպման սկզբում ողջույնինի խոսք ասեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը: Նա խոսեց ծրագրի կարևորության, դպրոցների համագործակցության մասին:

Ելույթ ունեցան ծրագրին միացած, արդեն երկար տարիներ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցներ գրանցված Երևանի թիվ 20 և 198 դպրոցների տնօրեններ Անահիտ Խոսրովյանը, Սարգիս Խաչատրյանը և 78 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ռուզաննա Չիչակյանը, որոնք հետաքրքիր, ոգևորիչ մանրամասներ պատմեցին նմանատիպ ծրագրերին իրենց մասնակցությունից, հրաշալի արդյունքներից:

Հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ, ծրագրի համակարգող Նարինե Մնացականյանը խոսեց կատարած աշխատանքների մասին, դպրոցների ունեցած հաջողությունների մասին, ներկայացրեց այս տարվա ձմռանը ծրագրի արդյունավետության մասին սովորողների առցանց լրացրած հարցաթերթիկի արդյունքերը, կարդաց «Generation Global» հիմնադրամում ծրագիրը համակարգող Շրութի Շարմայի շնորհակալական ոգևորիչ նամակը՝ Հայաստանի թիմի կատարած աշխատանքների մասին, ապա աշակերտներին առաջարկեց առանձին-առանձին ներկայանալ, խոսել իրենց հանդիպուըմների, հաջողությունների և մտահոգությունների մասին:

Երեխաներն իրենց խոսքում կարևորում էին այլ երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ շփումը, օտար լեզվով հաղորդակցումը, տարբեր թեմաների քննարկումը: Աբովյանից մի աշակերտ նշեց, որ ծրագրին մասնակցությունն իրեն հնարավորություն է տվել ձերբազատվել վախից, քանի որ նա առաջ վախենում էր անգլերեն խոսել, իր մտքերն ազատ, անկաշկանդ արտահայտել, իսկ ամիսների ընթացքում, տարբեր երկրների իր հասակակիցների հետ շփումը դրական արդյունք է տվել:

Նրանք պատմեցին, որ մասնակցել են տարբեր թեմաներով տեսակոնֆերանսների, սակայն առավել հետաքրքիր են եղել «Մարդու իրավունքներ», «Բուլինգ», «Աղքատության հաղթահարում», Կանանց իրավունքներ», «Կեղծ լուրեր», «Մեդիագրագիտություն», «Կլիմայի փոփոխություն» թեմաները, որոնց ակտիվ մասնակցելու, հետաքրքիր առաջարկներ անելու համար կազմակերպիչներից ստացել են բազմաթիվ հավաստագրեր և սիմվոլիկ մեդալներ:

Հանդիպմոն վերջում մասնակիցներն առաջարկեցին մի հանդիպում էլ կազմակերպել հոկտեմբերին և դրանք դարձնել ավանդական:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժին









Comments