ԱՄՓՈՓՎԵՑ «EduArmenia» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

 Ս/թ հուլիսի 1-4-ը, արդեն 4-րդ անգամ, տեղի ունեցավ EduArmenia նախաձեռնության կողմից կազմակերպած ամենամյա համահայկական գիտակրթական աշխատաժողովը:

Աշխատաժողովն ընթանում էր «Կիրառի՛ր գիտելիքդ և փորձառությունդ հանուն հայրենիքի զարգացման» խորագրի ներքո. այն անցկացվում էր երկու ձևաչափով՝ առկա և հեռավար: Այս տարի հեռավար ձևաչափով մեկնարկը տրվեց հուլիսի 1-ին, իսկ առկա հանդիպումներինը՝ հուլիսի 3-4-ին: Աշխատաժողովի ընթացքում կրթական ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված բանախոսություններով և դասախոսություններով:

Առկա ձևաչափով աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը,  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, «EduArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, դասախոսներ, ուսուցիչներ, ոլորտի մասնագետներ և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Սվաջյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, կարևորեց նմանօրինակ միջոցառումների դերը կրթական բարեփոխումների գործընթացում: Նա նշեց, որ այն համախմբում է ոլորտի տարբեր կառույցներին, բացահայտում  փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը:

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ պարոն Թորոսյանը ևս իր ելույթում կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման, մանկավարժական նոր գաղափարների քննարկման, ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված  մտքերի փոխանակման առումով:

Հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտությունների վարչության պետ և «EduArmenia» նախաձեռնության համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը ողջունելով ներկաներին կարևորեց  համագործակցությունը կազմակերպության և հանրապետության կրթական կառույցների միջև, նմանատիպ միջոցառումներին մանկավարժների ակտիվ մասնակցությունը, որի ժամանակ ծնվում են նոր գաղափարներ, ներկայացվում են նորարարական տարբեր մեթոդներ, որոնք մանկավարժները սիրով կիրառում են իրենց դասերի ընթացքում:

Աշխատաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել են նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտությունների վարչության աշխատակիցները, որոնք օժանդակություն ցուցաբերեցին թե առցանց հանդիպումների համակարգմանը, թե առկա ձևաչափով անցկացվող աշխատանքներին:

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ, կրթական նորարարությունների բաժին

                       




 

Comments