Շարունակվում են օգոստոսյան խորհրդատվությունները. Տավուշի և Լոռու մարզեր

 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով օգոստոսի 23-ին անցկացվեց Տավուշի և Լոռու մարզերի դպրոցների տնօրենների, տնօրենի տեղակալների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնարամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը,  մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության  ոլորտի  պատասխանատուներ։

Արաքսիա Սվաջյանը ամփոփ ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացված Տավուշի և Լոռու  մարզերից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները:

Այնուհետև փոխնախարարը ներկայացրեց հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։

Արաքսիա Սվաջյանը նշեց, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։

Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25 % հավելավճար։։

Անդրադարձ կատարվեց դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։

Քննարկվեց նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ՝ նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները ներկայացնելու նպատակով:

Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ անցած տարվանից փորձարկվում է նախադպրոցական կրթության չափորոշիչը․ այն փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի կներդրվի ևս 130 հաստատություններում:

Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ներկայացրել է ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ կատարված աշխատանքները: 


Նույն ժամանակ այլ հաստատություններում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրազեկման հանդիպումներ են անցկացրել հանրակրթական դպրոցների դպրոցի տեղակալների հետ՝ ծանոթացնելով նոր չափորոշչի սկզբունքներին, առարկայական ծրագրերին, դասի պլանավորմանը, ուսումնական նախագծերի ու խմբակների, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը։ Հնչեցրած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ ներկայացրին, ծավալվեց քննարկում։

Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը շնորհավորեց գալիք նոր ուսումնական տարին՝ բոլորին մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային տարի։

                                                              Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ














Comments