Օգոստոսյան խարհրդակցություններ․ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Օգոստոսի 28-ին ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետարաններում մարզի դպրոցների և նախադպրոցական ուսհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Խորհրդակցությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԶՆԱԿ հիմնարամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը,  մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։

Խորհրդակցության սկզբում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Վայոց Ձորի և  Գեղարքունիքի մարզերից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները: 

Այնուհետև փոխնախարարն անդրադարձել է կրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նոր դասագրքերի ստեղծման, պարտադիր և կամավոր ատեստավորման, ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։ Իսկ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25 % հավելավճար։ Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։

Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման կարևորությունը։

Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև մարզում քննական կենտրոն ստեղծելու և այն ըստ պահանջի կահավորելու հարցի մասին։ Նշվել է, որ, ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված է նաև Գեղարքունիքի մարզը։

Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ կատարված աշխատանքները: 

Նույն ժամանակ այլ հաստատություններում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրազեկման հանդիպումներ են անցկացրել հանրակրթական դպրոցների դպրոցի տեղակալների հետ՝ ծանոթացնելով նոր չափորոշչի սկզբունքներին, առարկայական ծրագրերին, դասի պլանավորմանը, ուսումնական նախագծերի ու խմբակների, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը։ Հնչեցրած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

 ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրականացրել են սեմինար նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեթոդիստների համար:

 Հանդիպմանը ներկա էին նախադպրոցական կրթական նոր ծրագրերը փորձարկող և գործող ծրագրերով աշխատող ՆՈՒՀ-երի մեթոդիստներ և դաստիարակներ:

 Հիմնադրամի մասնագետները ներկայացրել են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում և ծրագրերում տեղ գտած առանցքային փոփոխությունները: Տրվել են հստակ ուղղորդումներ դեռևս գործող ծրագրերով աշխատող ՆՈՒՀ-երի ներկայացուցիչներին:

Ներկայացվել է նաև սաների գնահատման գործիքակազմը, որը ներկայումս փորձարկվում է նախադպրոցական կրթական ծրագրերում։

    Վերջում մասնագետները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին:

Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ
































Comments