Օգոստոսի 29-ին Երևանում տեղի են ունեցել 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված օգոստոսյան խորհրդակցություններ Երևանի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։
Հանդիպման ժամանակ փոխնախարարն անդրադարձել է կրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նոր դասագրքերի ստեղծման, պարտադիր և կամավոր ատեստավորման, ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։ Իսկ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25 % հավելավճար։ Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։
Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման կարևորությունը։
Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև մարզում քննական կենտրոն ստեղծելու և այն ըստ պահանջի կահավորելու հարցի մասին։ Նշվել է, որ, ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված է նաև Գեղարքունիքի մարզը։
Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ կատարված աշխատանքները:
Comments
Post a Comment