ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ
1․ 1․ Ցանկալի է, որ ուսուցիչները
ծանոթանան գնահատման նոր մեթոդաբանությանը և կիրառեն ձևավորող գնահատման բոլոր
տեսակները։ Դրանով կարող են պարզել, թե սովորողները որքանով են պատրաստ նոր թեմայի
ընկալմանը, ի՞նչ ուղղությամբ պիտի աշխատեն ուսուցիչն ու աշակերտը համատեղ, որ
նյութի յուրացումն ապահովվի խորությամբ և բազմակողմանիորեն։ Մեթոդմիավորման
նախագահները կարող են այնպես կազմակերպել իրենց աշխատանքները, որ մի ամիս բոլոր
ուսուցիչները թեման սկսելուց առաջ հայտորոշում իրանակացնեն, որպեսզի հետո
համեմատեն թեման ավարտելուց հետո տրվող ամփոփիչ գնահատման արդյունքների հետ և
դուրս բերեն անելիքները։ Ցանկալի է, որ տնօրեններն ու տնօրենի տեղակալները
հետևողական լինեն այդ աշխատանքների իրականացման հանդեպ, մանկավարժական խորհրդի
նիստերում անդրադառնան գնահատման ուղղությամբ դպրոցում կատարվող գործընթացներին։
1․2․ Ճիշտ է, ուսուցիչները հսկայական աշխատանք են տանում
սովորողների ուսման բարելավման ուղղությամբ, սակայն առավել հետևողականության կարիք
կա։ Կարդացածը հասկանալու ուղղությամբ աշխատանքները միայն հայոց լեզվի և
գրականության բնագավառի ուսուցիչների գործը չէ։ Իհարկե, առավելապես մայրենիի
ուսուցիչներն են այդ ուղղությամբ աշխատում, սակայն կարիք կա, որ բոլոր առարկաների
ուսուցիչներն էլ հատուկ ուշադրություն դարձնեն առաջադրանքի պահանջը հասկանալուն։
Կարելի է գրավորի բովանդակությանը ծանոթացնելուն զուգահեռ պարզել՝ արդյոք բոլորը
հասկացել են առաջադրանքի պահանջները, որպեսզի առաջադրանքը կատարելուց հետո կրկին
վերադառնան պահանջին և համոզվեն, որ ճիշտ են հասկացել այն։ Մեթոդմիավորման
նախագահները իրենց և ուսուցիչները փոխադարձ դասալսումների ընթացքում ցանկալի է, որ
հատուկ ուշադրություն դարձնեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում դասաժամերին։
Տնօրեններն ու տնօրենի տեղակալները իրենց դասալսումների վերլուծությունները
ներկայացնեն մանկավարժական խորհրդին, որ բոլոր առարկաների ուսուցիչները պարբերաբար
իրենց ուշադրության կենտրոնում պահեն կարդացածը հասկանալու ուղղությամբ տարվող
աշխատանքները։
1․3․ Մեր կրթական համակարգում թեմաները պարուրաձև զարգանում են
հորիզոնական և ուղղահայաց կրթական տարբեր աստիճաններում։ Եվ հայտորոշումը
սովորաբար ընդգրկում է արդեն ծանոթ տեղեկույթը նոր իրավիճակում։ Եվ եթե սովորողների
հետ չի տարվել այնպիսի աշխատանք, որ հասկանան, թե ինչու են ուսումնասիրում այս կամ
այն թեման, եթե չունեն մոտիվացիա դա սովորելու, բնականաբար ուսումնասիրածը չի
տպավորվում, և հաջորդ դասարաններում ամեն ինչ սկսվում է զրոյից, գիտելիքը չի
դառնում կյանքի տարբեր ոլորտներում հաջողելու միջոց։
Ուստի ուսուցիչներին առաջարկում ենք միշտ բացատրել
աշակերտներին, թե ինչու են ուսումնասիրում այս կամ այն թեման, որտեղ է այն իրենց
պետք գալու, որպեսզի հետո, երբ նույն երևույթը այլ հարթության մեջ դիտարկեն, դուրս
բերեն արդեն ձեռքբերածը նոր որակով։ Մեթոդմիավորման նախագահները հատուկ
ուշադրության կենտրոնում պահեն ոչ միայն գիտելիքը, այլև արժեքային համակարգը,
դիրքորոշում հայտնելու կարևորությունը, միջառարկայական կապերը, խաչվող
հասկացությունները։ Դրանք գիտելիքի սոսինձներն են, որոնք ամրացնում են այն և
ձևավորում աշխարհայացք և ընդլայնում մտահորիզոնը։ Տնօրենն ու տնօրենի տեղակալները
իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պիտի պահեն նոր չափորոշչի տրամաբանությամբ
կառուցված դասերի անցկացումն ու դրանց խրախուսումը։
Comments
Post a Comment