«Ֆիզիկայի օրվա դասի պլանի առանձնահատկությունները նոր ՀՊՉ-ի լույսի ներքո» թեմայով նոյեմբերի 3-ին և 10-ին կայացած սեմինարների մասին


Ս.թ. նոյեմբերի 3-ին և 10-ին տեղի ունեցան երկօրյա հեռավար սեմինարներ ֆիզիկայիուսուցիչների համար՝ «Ֆիզիկայի օրվա դասի պլանի առանձնահատկությունները նոր ՀՊՉ-ի լույսի ներքո» թեմայով:  

2023թ. փետրվարի 16-ին հաստատած N 216-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի գործառույթների նկարագրի մեջ տեղի ունեցավ ևս մեկ փոփոխություն: Այդ որոշման համաձայն ուսուցիչը պետք է իրականացնի դասավանդած առարկայի բոլոր դասերի պլանավորումը (գրավոր) այն դասարանների համար, որտեղ իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը: Ծավալվեցին քննարկումներ համառոտ և ընդարձակ դասի պլանների վերաբերյալ․ ինչպե՞ս հասցնել գրել յուրաքանչուր դասի պլանը, մի՞թե փորձառու ուսուցիչներն էլ պետք է գրեն այն, ե՞րբ պիտի գրվեն համառոտ և ե՞րբ՝ ընդարձակ պլաններ և այլն:  

Ֆիզիկայի ուսուցիչների հարցումներին ընդառաջ ԿԶՆԱԿ հիմնադրամը կազմակերպեց երկօրյա դասընթաց՝ նվիրված հենց այդ խնդիրների լուծումներին: Դասընթացի նպատակն էր մեթոդ միավորումների նախագահներին և ուսուցիչներին պարզաբանումներ տալ, թե ինչպես ճիշտ կազմել դասի պլանը կարճ ժամանակում, ո՞ր նորմատիվ փաստաթղթերը կօգնեն այդ գործընթացին, ինչպե՞ս պետք է օգտվել դրանցից և այլն: 

ԿԶՆԱԿ-ի բլոգում տեղադրված հայտարարությանը արձագանքեցին 100-ից ավելի ուսուցիչներ ՀՀ տարբեր մարզերից: Մասնակիցների մեծ թվի  պատճառով մենք իրականացրեցինք 2 հանդիպում: 

Նոյեմբերի 3-ի սեմինարի տեսական մասը ներկայացրեցին փորձառու մասնագետներ Մարիետա Մելիքյանը (Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց), ՍաթենիկՄուրադյանը (Կոտայքի մարզի Ջրառատի միջնակարգ դպրոց) և Լիանա  Մկրտչյանը (Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոց), իսկ նոյեմբերի 10-ին՝ Անահիտ Իսկանդարյանը (Գյումրիի տնտեսագիտական վարժարան) և Թամարա Ղարիբյանը (Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոց): Սեմինարի ողջ ընթացքին հետևում և անհրաժեշտության դեպքում դիտարկումներով հանդես էր գալիս ԿԶՆԱԿ-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Լյուդմիլա Առուշանյանը: 

Տեսական մասից հետո ուսուցիչները բաժանվեցին 5 փոքր խմբերի և նրանց հանձնարարվեց 30 րոպեում կազմել դասի պլան իրենց կողմից ընտրված թեմաներով՝ բոլոր խորհուրդները նկատի ունենալով:  

Այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը: Լսարանը մանրակրկիտ քննարկեց յուրաքանչյուր խմբի կազմած պլանը և ամենակարևորը, բոլորը եկան այն եզրահանգման, որ ճիշտ եղանակով պլանավորումը այդքան էլ շատ ժամանակ չի պահանջում: 

 

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժին 











Comments