ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 4-ՐԴ ՆԱԽԱԳԻԾԸ

 


Ս/թ նոյեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որն անցկացվեց հոկտեմբերի 16-23-ը: Ներկա էին ծրագրին մասնակից բոլոր դպրոցների ներկայացուցիչները: Դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը հյուրասեր տանտիրոջ նման ընդունեց բոլոր հյուրերին:

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ ծրագրի շնորհիվ հանրապետության 21 դպրոցների 67 աշակերտները, ծնողները և մանկավարժները դարձան մի թիմ, մի մեծ ընտանիք: Իր ողջույնի խոսքի մեջ Գեղարքունիքի մարզի ԿԳՄՍ վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը փասեց, որ նախագիծը տոն է բերել իրենց մարզ, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանը կարևորեց ծրագրի հայրենաճանաչողական ու հայրենասիրական գաղափարը՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ընտանեկան ավանդույթների ուսումնասիրության միջոցով: Կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ծրագիրը կյանքի կոչող բոլոր մասնակիցներին՝ դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, սովորողներին և առանձնակի շնորհակալություն հյուրընկալ ընտանիքներին, իրենց անմնացորդ ու անշահախնդիր նվիրումի համար:

Մասնակից աշակերտները նորովի և սիրով բացահայտեցին մեր հայրենիքը, ծանոթացան համայնքի նիստուկացին, սովորույթներին, ավանդույթներին, շրջեցին տեսարժան վայրերով, սովորեցին այլ միջավայրում ու հարազատացան: Այդ մեկ շաբաթում մեր երկրում ավելացավ մեզ այնքան պակասող սերն ու համերաշխությունը: 

Միջոցառումն ավարտվեց մասնակիցների կողմից հնչեցրած երգի տողերով՝

Ձե՛ռքդ տուր, ձե՛ռքս տամ, միասին ընկեր դառնանք,

Հա՛յ եմ ես, հա՛յ ես դու, ե՛կ ճանաչենք մեկմեկու:

Ես ու դու, դու և ես ընկերներ դարձանք այսպես՝

Մենք ուժեղ ենք միասին, թո՛ղ իմանան այդ մասին:

Ծրագրի հաջորդ փուլը կսկսվի 2024թ. ապրիլին:

                                                                                                    Կրթական նորարարությունների բաժին


























Comments