Հետադարձ կապը ձևավորող գնահատման կարևոր բաղադրիչներից մեկն է, որը ուսուցման և ուսումնառության գործընթացում ունի դրական և կարևոր նշանակություն: Հետադարձ կապի օգնությամբ կարելի է սովորողների ձեռքբերումների առկա մակարդակը աստիճանաբար մոտեցնել ուսուցման սահմանված վերջնարդյունքներին:
Ուսուցիչը, հետադարձ կապի միջոցով մատնանշելով սովորողի ձեռքբերումները, կարող է նպաստել յուրաքանչյուր սովորողի՝ իր ուժերի նկատմամբ վստահության բարձրացմանը և նրա ուսումնառության բարելավմանը:
Ձևավորող գնահատումը սովորողին հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացում ստանալ ճշգրիտ տեղեկատվություն ճիշտ ժամանակին:
Ուսուցիչն իր գործունեության ընթացքում արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար կիրառում է սովորողների աշխատանքը գնահատող կամ նկարագրող բառեր:
Գնահատող բառերով հետադարձ կապը սովորողին տրամադրվում է ընդհանուր մեկնաբանությունների տեսքով, և չի տրվում տեղեկատվություն այն մասին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի սովորողը, ինչը փոխի, ինչու և ինչպես՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
Հաճախ գնահատող բառերով հետադարձ կապն իրականացվում է բանավոր՝ տեղեկացնելով ձեռքբերումների մասին կամ արժևորելով դրանք։
Գնահատող բառերով հետադարձ կապի օրինակներ.
- Գերազանց է:
- Ճիշտ է, կեցցես:
- Նույն սխալներն են:
- Դու կարդացիր շատ լավ:
- Քեզ մոտ ամեն ինչ ստացվեց:
- Դու հրաշալի աշխատանք կատարեցիր և այլն․․․
Խրախուսանքը կամ դիտողությունը, որն ուղղված է սովորողին, ոչ թե նրա ուսումնառությանը, կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ուսուցիչը, գովաբանելով կամ խրախուսելով «Դու ավարտեցիր առաջինը, ապրե՛ս», «Կեցցե՛ս» կամ այլ նմանատիպ արտահայտություններով, կարող է սովորողի ուշադրությունն ուսումնառության գործընթացից տեղափոխել իր անձին, օրինակ՝ «Ուսուցիչը կարծում է, որ ես խելացի եմ»: Իրականում սովորողը պետք է մտածի այն մասին, թե ինչ է ասում ուսուցիչն իր ուսումնառության, այն է՝ ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ։
Յուրաքանչյուր սովորողի բառային նկարագրով տրվող հետադարձ կապն անմիջականորեն կապված է ակնկալվող արդյունքի և գնահատման չափանիշների հետ: Դրանով սովորողը ստանում է ցուցումներ, առաջարկներ հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչպես բարելավի իր ուսումնառությունը: Այսպիսով՝ սովորողը պատասխանատվություն է կրում իր աշխատանքն ինքնուրույն շտկելու և բարելավելու համար:
Աշխատանքները բարելավելու նպատակով տրվող բառային նկարագրով հետադարձ կապն ապահովում է ուսուցչի և սովորողի ակտիվ երկխոսությունը և պարունակում է հատուկ տեղեկատվություն գրավոր և բանավոր մեկնաբանությունների տեսքով:
Բառային նկարագրով հետադարձ կապի օրինակներ
- Տեքստը լավ կարդացիր: Հաջորդ անգամ ուշադրությունդ կենտրոնացրու՛ բառերի վերջավորությունները ճիշտ կարդալու վրա:
- Հարցին պատասխանելիս հիշի՛ր գլխավոր հերոսի խոսքերը․ դրանք կօգնեն քեզ ճիշտ կազմել պատասխանը:
- Կրկի՛ն կարդա տեքստը և կազմի՛ր երեք կամ չորս հարց «Ինչուով»:
- Հիշի՛ր տեքստում առկա իրադարձությունների հաջորդականությունը․ այն կօգնի քեզ պատասխանել հարցերին:
- Հիշի՛ր կրճատ բազմապատկման բանաձևը, որպեսզի հաջորդ անգամ այն ճիշտ կիրառես:
- Խորանարդ կառուցելիս պետք է հաշվի առնես խորանարդի հիմնական հատկությունները:
Բառային նկարագրով հետադարձ կապն օգնում է սովորողին ինքնուրույն տեղեկատվություն փնտրելով՝ բարելավել ակադեմիական ցուցանիշները: Օրինակ՝
- Որտե՞ղ եմ ես թերացել թեման կամ նյութն ուսումնասիրելիս:
- Ի՞նչը լավ չեմ հասկացել:
- Որտեղի՞ց պետք է սկսեմ ուղղել իմ սխալները:
Բառային նկարագրով հետադարձ կապն օգնում է սովորողին որոշել հաջորդ գործողության անհրաժեշտությունը: Օրինակ.
- Պետք է սկսեմ անգլերենից բառատետր պահել և օրական կրկնել 10 բառ:
- Որպեսզի ես ձևաբանորեն ճիշտ վերլուծեմ նախադասությունը, պետք է վերհիշեմ և խորությամբ հասկանամ խոսքի մասերը և հաճախակի տարբեր տեսակի նախադասություններ վերլուծեմ:
Չի բացառվում, որ երբեմն նաև գնահատող բառերը կարող են արդյունավետ գործիք դառնալ և դրական ազդեցություն ունենալ սովորողի ուսումնառության վրա: Գնահատող բառերով հետադարձ կապը հիմնականում դրական է՝ սովորողի ուսումնառությունը խթանելու համար: Օրինակ՝
- Կեցցե՛ս, հրաշալի աշխատանք է: Եթե այսպես շարունակես, քո հաջողությունն ապահովված է:
Սակայն սովորողների հաջողությունները բարելավելու համար անհրաժեշտ և ավելի արդյունավետ է բառային նկարագրով հետադարձ կապը: Օրինակ.
- Հրաշալի աշխատանք է: Դու շատ լավ ես բնութագրել հերոսներին: Այժմ փորձի՛ր համեմատել երկու հերոսների աշխատանքը և կգտնես նմանություններն ու տարբերությունները:
- Կեցցե՛ս: Դու մանրամասն, հաջորդականությունը պահպանելով պատմեցիր տեքստը: Իսկ հիմա բնութագրի՛ր կենդանիներին:
- Լա՛վ պատմեցիր: Ի՞նչ ես կարծում՝ նկարագրեցի՞ր գլխավոր հերոսին: Փորձի՛ր այժմ նկարագրել ավելի մանրամասն:
Այսպիսով, ուսուցիչը, օբյեկտիվ նկարագրելով սովորողի գործողությունները, ապահովում է նրա հաջող ուսումնառությունը:
Արդյունավետ հետադարձ կապ
Արդյունավետ հետադարձ կապը պատասխանում է երեք կարևոր հարցերի.
1. Ի՞նչն է լավ կատարված:
2. Ի՞նչ է պահանջվում աշխատանքն ու արդյունքները բարելավման համար:
3. Ինչպե՞ս բարելավել:
Սովորողին ցույց տալ՝ որտեղ և ինչն է պետք բարելավել: Տրամադրել նպատակային խորհրդատվություն և տալ բարելավման կոնկրետ առաջարկություն:
Որպեսզի հետադարձ կապը լինի արդյունավետ, անհրաժեշտ է.
- ապահովել/հաստատել կապ ուսուցման նպատակների, վերջնարդյունքների և գնահատման չափանիշների հետ,
- ապահովել այն անընդհատ և ժամանակին, որպեսզի սովորողը հնարավորություն ունենա բարելավելու իր գործողությունները, իսկ ուսուցիչը` հետադարձ կապից հետո վերագնահատի առաջադրանքների կատարումը:
Այսպիսով, ի՞նչ տարբերություն կա արդյունավետ և ոչ արդյունավետ հետադարձ կապի միջև.
| Հետադարձ կապ | Արդյունք |
Անարդյունավետ.
|
- Ամեն ինչ վատ է, լավ չէ: Դու չես կարողանում ներկայացնել պատմվածքի բովանդակությունը:
|
Հիասթափություն, ներքին դժգոհություն, համառություն |
Արդյունավետ.
|
- Շնորհակալություն, դու փորձեցիր մանրամասն ներկայացնել պատմության բովանդակությունը: - Ուշադրությու՛ն դարձրու՝ երբ չես նկարագրում հերոսներին, գրեթե բովանդակության կարևոր մասը չես կարողանում ներկայացնել: - Հերոսի կերպարը ներկայացնելիս փորձի՛ր պահպանել խոսքի արտահայտչականությունը: |
Օգտակար եզրակացություն և նոր հմտություններ |
Անարդյունավետ հետադարձ կապի օրինակ: Ստանալով նման հետադարձ կապ՝ սովորողը կարող է հիասթափվել: Նրա հետաքրքրությունը սովորելու նկատմամբ, ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան անելու ցանկությունը կարող են անհետանալ: Ավելին, ուսուցչի այս մեկնաբանություններում չկան առաջարկություններ, ցուցումներ այն մասին, թե ինչը և ինչպես կարելի է ուղղել, բարելավել:
Արդյունավետ հետադարձ կապի օրինակ: Այս օրինակում առաջին նախադասությամբ ուսուցիչը քաջալերում է սովորողին: Այնուհետև սովորողի բանավոր խոսքը բարելավելու համար անում է առաջարկություններ և տալիս է համապատասխան ցուցումներ.
Հետադարձ կապի արդյունավետությունը պայմանավորված է նրա որակով:
Արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար ուսուցիչը կարող է օգտագործել երեք տիպի հուշումներ, որոնք կօգնեն սովորողներին որոշել իրենց հաջորդ քայլերը:
Հուշումներ.
1. «Հիշեցում»: Սովորողի ուշադրությունը հրավիրում է ուսուցանվող նյութի վրա այնպես, որ նա հասկանա՝ որն է նպատակը:
Օրինակ՝ Ուսուցիչն ասում է.
- Այս դասի նպատակն է՝ չափածո տեքստը արտահայտիչ կարդալ: Առաջարկում եմ նորից կարդալ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով արտահայտիչ կարդալու բաղադրիչներին՝ ձայնով որոշակի բառերի ընդգծում, ըստ կետադրական նշանների՝ դադարների ապահովում, ընթերցման տոնի և տեմպի փոփոխություն, խոսքի հստակություն, ուղղախոսական կանոնների պահպանում և այլն:
2. «Օգնություն քայլ առ քայլ»: Հուշումն օգնում է սովորողին կենտրոնանալ իր կոնկրետ քայլերին: Իրականացվում է մի քանի եղանակներով.
- հարցերի միջոցով,
- նկարագրության միջոցով,
- անավարտ նախադասությունների միջոցով:
Օրինակ՝ ուսուցիչը, բացահայտելով, որ ոչ բոլոր սովորողներն են հասկանում ընթերցված տեքստի բովանդակությունը, բաժանում է անավարտ նախադասություններ և խնդրում լրացնել դրանք: Սա բարձրացնում է սովորողների ընթերցանության ընկալումը և այլն:
3. «Օրինակներ ցույց տալով»: Այս հուշումը սովորողներին տալիս է աշխատանքի բարելավման հնարավորություն:
Օրինակ՝ Ուսուցիչն ասում է.
- Տեքստը կարդալիս դու շտապում ես և ուշադրություն չես դարձնում բառերի վերջավորությունների ճիշտ ընթերցմանը: Հիմա ես կկարդամ տեքստ, հետևի՛ր իմ ընթերցմանը, հատկապես, թե ինչպես եմ ընթերցում բառերի վերջավորությունները, իսկ հետո դու կարդա՛:
Բացի առաջարկվող հուշումներից, ստորև բերված աղյուսակում առկա են արտահայտությունների օրինակներ` արդյունավետ հետադարձ կապի համար.
Ուժեղ կողմերը | Ինչն է պետք բարելավել | Բարելավմանը նպաստող հետագա գործողություններ |
Դու կարող ես... | Մի՛ մոռացիր, թե ինչ քայլեր պետք է անես, որ ... | Որը կլինի քո հաջորդ քայլը ... |
Քո կարդալու ձևից ես հասկացա, որ... | Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կարող ես անել, որ ... | Միգուցե փորձես ... |
Դու ճիշտ ես մտածում/ պատճառաբանում, հետևողական ես ... | Քեզ անհրաժեշտ է ևս ... | Քո հաջորդ գործողությունը կարող է լինել ... |
Այն, ինչ դու շատ լավ արեցիր ... | Եվս մեկ առաջադրանք կամ քայլ, որ բարելավման կարիք ունի ... | Դու կարող ես օգտագործել... |
Այսպիսով, սովորողները տարբեր են. շատ կարևոր է, որ հետադարձ կապը լինի անհատապես՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի ուսումնական խնդիրներն ու առանձնահատկությունները: Պետք է հիշել, որ հետադարձ կապը երկկողմանի գործընթաց է, և ուսուցիչները միշտ պետք է կատարելագործեն գնահատում իրականացնելու իրենց հմտությունները:
Հասմիկ Հովհաննիսյան
Վարսենիկ Հովսեփյան
Աստղիկ Բալայան
Comments
Post a Comment