Այս ցանցը (ASPnet) միավորում է ավելի քան 12.000 դպրոցներ աշխարհի 182 երկրներում՝ երեխաների և երիտասարդների մասնակցությամբ աշխարհում կայուն խաղաղություն կառուցելու ընդհանուր նպատակով:
Ասոցացված դպրոցները հանդես են գալիս որպես կրթության որակի, նորարարության և փոխակերպման գաղափարների իրականացնողներ և տարածողներ:
Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցին դեռևս 2011 թվականին: Այսօր այդ ցանցում ընդգրկված են 37 հանրակրթական դպրոցներ ՀՀ մարզերից և Երևանից:
Համաժողովին ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ԿԶՆԱԿ-ի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ: Համաժողովը նպատակ ուներ հարթակ ծառայել մասնակից դպրոցների համար՝ ներկայացնելու իրենց ձեռքբերումները, կիսվելու ուշագրավ աշխատանքներով և ներգրավվելու Հայաստանում և ամբողջ աշխարհում կրթության վերաբերյալ բովանդակալից քննարկումներում:
Ցանցին միանալուց հետո, դպրոցները մասնակցել են մի քանի նախագծերի, որոնցից «Ոչ խնայողաբար մոտեցում թափոններին» ուսուցողական նախագիծն ուղղված էր թափոնների վերամշակմանը, դրանց օգտագործմանն ու կիրառմանը:
Բացի այս նախագծից, դպրոցները մասնակցել են առցանց վեբինարի՝ «Դեպի խաղաղություն» խորագրով: Վեբինարի ընթացքում սովորողները լսել են բանախոսների քննարկումները արդիական թեմաների շուրջ, քննարկել են խաղաղությանն առնչվող տարբեր հարցեր. միջնորդության դերը խաղաղության հասնելու գործում ազգային և միջհամայնքային մակարդակներում, խաղաղության ակցիաներ՝ տեղական և դպրոցական մակարդակներում և այլն:
Դպրոցները մասնակցում են նաև միջազգային կրթական միջոցառում- մրցույթի՝ Երբ ձայնը ստեղծում է պատկեր խորագրով, այն ամփոփվելու է հաջորդ տարի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի կողմից բարձր է գնահատվում մեր սովորողների և համակարգողների աշխատանքները. նրանք պարբերաբար արժանանում են տարբեր մրցանակների, մասնակցության հավաստագրերի և պատվոգրերի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո իրականացվող ծրագրերը հզոր ուժ են կրթության դերը առավել կարևորելու համար, ինչն էլ ապագայում կդառնա ոլորտում դրական փոփոխությունների հզոր ուժ:
Կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment