«Գործնական աշխատանքներ (տեսակներ, նմուշներ, գնահատման չափանիշներ)» թեմայով սեմինար


Ինչպես գիտենք, 2021 թվականից ՀՀ-ում ընթանում է նոր Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական  չափորոշիչների ու ծրագրերի  ներդրման գործընթացը: Նոր Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակահեն կրթությունը ենթադրում է գործնական հմտությունների զարգացում: Այդ իսկ նպատակով ֆիզիկայի ծրագրում բավարար չափով ավելացվել է լաբորատոր աշխատանքների քանակը, ուշադրության կենտրոնում են հայտնվել տարբեր տեսակ գործնական աշխատանքներ: Ուսուցիչների մոտ առաջացել են այդ գործընթացի հետ կապված բազում հարցեր. ինչպես պլանավորել, ինչպես անցկացնել, ինչպես գնահատել: 

Ֆիզիկայի ուսուցիչների ցանկություններին ընդառաջ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամը կազմակերպել է դասընթաց հենց այդ խնդիրների լուծման ուղղությամբ:  

Ս.թ. փետրվարի 9-ին և 16-ին տեղի ունեցան մեկօրյա հեռավար սեմինարներ ֆիզիկայի ուսուցիչների համար «Գործնական աշխատանքներ (տեսակներ, նմուշներ, գնահատման չափանիշներ» թեմայով՝ «Ուսուցիչները ուսուցիչների համար» խորագրի տակ: 

Դասընթացի նպատակն էր պարզաբանումներ տալ մեթոդմիավորումների նախագահներին և ուսուցիչներին այն մասին, թե ինչ տեսակ գործնական աշխատանքներ կարելի է անցկացնել դպրոցի առարկայական ծրագրի սահմաններում, որտեղ կարելի է դա կազմկերպել, ինչ լաբորատորիայի նվազագույն բազայի վրա և այլն:  

ՀՀ տարբեր մարզերից մոտ 70 ֆիզիկայի ուսուցիչներ մասնակցեցին այդ դասընթացին: Տեսական մասը ներկայացրեցին հանրապետության փորձառու մասնագետներ Նելլի Ասոյանը (Արարատի մարզի Մասիս ք. 5 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ) և Անուշ Դալլաքյանը (Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ):  Այնուհետև իրենք ներկայացրեցին իրենց սեփական փորձը այդ աշխատանքները անցկացնելու առումով, ցույց տվեցին ինքնաշեն սարքերի օրինակներ, ներկայացրեցին on-line լաբորատորիաների նոր կայքերը  և այլն, պատասխանեցին ուսուցիչների բազմաթիվ հարցերին: Իր դիտարկումներն արեց ԿԶՆԱԿ-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Լյուդմիլա Առուշանյանը:

Սեմինարները անցան շատ գործնական մթնոլորտում, մասնակիցները ոգևորված էին իրենց գործընկերների փորձով և տրամադրված՝ ներդնելու այն իրենց դասարաններում: 









Comments