Տավուշի մարզի 9-րդ դասարանի Գրականություն և Հայոց պատմություն ինտեգրված առարկաների քննության նոր ձևաչափի փորձարկում

2024 թվականին Տավուշի մարզի հիմնական դպրոցներում գրականության և պատմության ավարտական քննության նոր ձևաչափի և բովանդակության փորձարկման նպատակով ԿԶՆԱԿ հիմնադրամը մարտի 11-12-ը մի քանի դպրոցներում կազմակերպեց փորձնական քննական աշխատանք՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների և աշակերտների փորձառությունը քննության կազմակերպման նոր կառուցվածքի և բովանդակության առումներով, ուսուցիչների մեջ ամրակայելու սովորողներին հատկացված ժամանակահատվածում քննություններին պատրաստելու, քննական աշխատանքները ստուգելու և նախօրոք սահմանված չափանիշներին համապատասխան գնահատելու հմտություններ։ Միաժամանակ մեր նպատակն է պարզել վերապատրաստումների արդյունավետությունը։

   

ԿԶՆԱԿ հիմնադրամի 10 մասնագետներ մարտի 11-ին այցելեցին Դիլիջանի և Բերդի տարածաշրջանի 5-ական դպրոցներ, իսկ մարտի 12-ին՝ Իջևանի և Նոյեմբերյանի հիմնական դպրոցներ։ Բոլոր դպրոցները տեղեկացված էին այցի մասին և արագ կազմակերպվեց փորձնական քննությունը։ Սովորողները տեղավորվեցին հատկացված ժամանակի մեջ։ Ավարտից հետո գրականության և պատմության ուսուցիչները  ստուգեցին աշխատանքները իրենց տրամադրված գնահատման չափանիշների համաձայն։

                     

Մեր այցը չխոչընդոտեց դպրոցների բնականոն ընթացքը։ Հասցրինք անգամ Բերդի հ 3 դպրոցում ներկա լինել թումանյանական միամսյակի շրջանակներում կազմակերպված բեմադրությունների, որի հաջող կայացման համար երեխաները տեխնոլոգիայի դասաժամերին տիկնիկներ էին պատրաստել և  բեմադրությանը մի առանձնահատուկ շուք էին հաղորդել։

Իսկ Կողբի հ 2 դպրոցում ականատես եղանք նախագծային աշխատանքի արդյունքում ստեղծված գրքի ներկայացմանը։ 10-րդ դասարանի աշակերտները պեղումներ էին կատարել Կողբի պատմամշակութային վայրերում, բացահայտել էին նոր տարածքներ, ստեղծել էին իրենց կայքը, երկլեզվյան ձայնագրեր էին պատրաստել, որը սփռվում էր յութուբյան ալիքով։

   

Այս ամենը ևս մեկ անգամ փաստեց, որ Տավուշում ամեն քայլափոխի ականատես էինք նոր չափորոշչի ներդրմանը, հանդիպեցինք դպրոցների տնօրենների, որոնք ամեն ինչով աջակցում էին իրենց խանդավառ ուսուցիչներին՝ անելու ավելին, քան հնարավոր էր։

Գրավորների արդյունքները կվերլուծվեն, և հետադարձ կապ կտրվի դպրոցներին։

    















 
                                                             

Comments