Հանդիպում Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ

Ապրիլի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ նշվել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան:

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը խոսեց պատմություն և գրականություն առարկաների ինտեգրված ձևաչափով փորձնական քննության մասին և հորդորեց տնօրեններին հետաքրքրվել արդյունքներով, պարզել, թե որ դպրոցում ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել։ Շեշտեց, որ դրական արդյունքներ են արձանագրվել այն  դպրոցներում, որտեղ ուսուցիչները վերապատրաստումից հետո աշխատել են սովորողների հետ, գրել նման գրավոր աշխատանքներ։ Հավելեց, որ ԿԶՆԱԿ հիմնադրամը կանգնած է ուսուցիչների կողքին և պատրաստակամ՝ ամեն ինչում աջակցելու նրանց, որ հաջողեն քննական այս ձևաչափերում և անհրաժեշտության դեպքում կարող է նորից կրկնել այդ վերապատրաստումը։

Հանդիպմանը նաև հնչել են տարբեր հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

 










Comments