«Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովին



 ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլըորին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչներ են մասնակցել:

Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ անցկացվող համաժողովը կրելու է պարբերական բնույթ՝ անցկացվելով տարին երկու անգամ:

«Մեր շատ ուսուցիչներ հետաքրքիր փորձ են կուտակել, իրականացրել են տարատեսակ ծրագրեր՝ հետաքրքիր գաղափարներով: Հաճախ մենք չունեինք այն միջավայրը, որտեղ կարող էինք կիսել այդ փորձն ու քննարկումներ անցկացնել: Համաժողովը կարող է դառնալ այդ հարթակը։ Ուրախ եմ ձեր կողմից մեծ հետաքրքրության և մասնակցության համար: Սա նշանակում է, որ նմանօրինակ քննարկումների ու խոսակցությունների պահանջը կա: Ձեր ներկայությունը ոգևորիչ է, որովհետև մեր համատեղ աշխատանքի հիմքում առաջին հերթին երեխաներն են»,- ելույթի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի` բոլորովին պատահական չէ, որ ուսուցչական համաժողովի անցկացումը համընկել է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը կարող է պաշտպանել երեխաներին. «Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը սկսելիս ուշադրություն դարձրեցինք մի կարևոր տվյալի վրա, որը ցույց էր տալիս այդ պահի դրությամբ մեր կրթական համակարգի, թերևս, լրջագույն խնդիրներից մեկը: Ըստ կատարված դիտարկումների` կրթական համակարգով ամբողջությամբ անցնելուց հետո մեր երեխաները կարողանում էին իրենց ներուժն իրացնել 57 %-ով, ինչը բավարար ցուցանիշ չէ: Երեխայի պաշտպանության լավագույն ձևը նրա զարգացմանը նպաստելն է: Անհրաժեշտ է, որ նա կարողանա ամբողջությամբ ընկալել, գիտակցել իր կարողությունները, զարգացնել դրանք ու հասկանալ, թե որ իրավիճակում իր որ գիտելիքներն ու հմտություններ են պետք գալու, ինչպես դրանք կիրառել: Անհրաժեշտ է, որ երեխան ունենա արժեքային դիրքորոշումներ, որոնք նրան թույլ կտան իրավիճակներին համարժեք և ճիշտ արձագանքել, լինել իրավատեր քաղաքացի, լավ մարդ: Սա այն խնդիրն է, որ ամեն օր դուք փորձում եք լուծել՝ մուտք գործելով դասարան: Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը: Իրականում, գերպաշտպանությունը նրանց անպաշտպան է դարձնում: Կարիք ունենք մեր երեխաներին, առաջին հերթին, դարձնելու ինքնուրույն, տալու այն միջավայրն ու հնարավորությունները, որոնք երեխաներին կօգնեն ինքնուրույն մտածել, վերլուծել, սխալվել և այդ սխալներից սովորել: Սրանք այն կարևոր խնդիրներն են, որ պետք է դնենք մեր առջև՝ սկսած դպրոցից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ վերահաստատելով մարտահրավերային խնդիրների լուծումները գտնելու կամքն ու դրանցով առաջ շարժվելու պատրաստակամությունը:

Ավելին՝   https://escs.am/am/news/22619









Comments