«Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողով

 

2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ տեղի էր  ունենում Երևանում և 10 մարզերում։ Զեկուցումներով հանդես են եկել ամսվա լավագույնները մրցույթներում հաղթող ճանաչված 156 լավագույններից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի տեղակալ և խմբակավար։ 

Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձը և տարածել այն՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։        

Համաժողովի ուղղություններն են 

  • Դասի պլանավորման կարևորությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:
  • Նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։
  • Նախագծային ուսուցումը որպես հետազոտահեն կրթության հիմք։
  • Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։ 
  • Գնահատման տարբեր  ձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում

Երևանում համաժողովն անցկացվեց Երևանի ՀԿարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում՝ երկու աշխատարաններով։

Համաժողովին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տը։ակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ, տնօրենի տեղակալներ և ուսուցիչներ։

Ներկաներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ ուսուցիչների մասնագիտական զարգացումը կարևոր է ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև տարբեր միջոցառումների իրականացմամբ՝ ուսուցչի դրական փորձը վեր հանելու և տարածելու միջոցով։ Նրա խոսքով՝ hանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների վերլուծությունը, խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկները ուղենշային կլինեն հետագա աշխատանքների համար։

Փոխնախարարը նաև կարևորեց համաժողովին տնօրենների մասնակցությունը՝ նշելով, որ վերջիններիս կողմից  է հաճախ բարձրաձայնվում դպրոցներում առկա խնդիրներն ու առաջարկները, որոնք ձևավորվում  են ուսուցչական, ծնողական համայնքից։

ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց համաժողովի ընթացակարգն ու ուղղությունները։ Ձևավորվեցին աշխատարանների հանձնաժողովները և զեկուցողները ներկայացրեցին ՀՊՉ-ի ներդրմանն ուղղված իրենց լավագույն փորձը, ձեռքբերումներն ու խնդիրները, որին հաջորդեցին քննարկումները, հարց ու պատասխանները։

Ուսուցչական համաժողովի համայնքային փուլում երաշխավորված լավագույն զեկույցները կներկայացվեն ուսուցչական համաժողովի հանրապետական փուլում, որը տեղի կունենա ուսուցչի օրը՝   հոկտեմբերի 5-ին։ 




























Comments