ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Կլիմայական կրթություն» մանկավարժների երրորդ Միջազգային գիտաժողովը, սովորողների երկրորդ միջազգային փառատոնը և առաջին «Միջազգային կլիմայական դպրոցը», որոնք տեղի ունեցան Ղազախստանի Ալմաթի քաղաքում՝ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը: Միջոցառումներին մասնակցում էին կրթության ոլորտի մասնագետներ և դպրոցականներ Սերբիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
Հայաստանի Հանրապետությունից նշված միջոցառումներին մասնակցում էին Սիրինե Կոսյանը՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Ուսուցիչների մասնագիտական զարգացում» բաժնից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայի փոփոխության կրթության և իրազեկման (Կլիմայական արկղիկ)» տարածաշրջանային ծրագրի շրջանակում իրականացված սովորողների նախագծային աշխատանքների մրցույթի հաղթող երեք դպրոցների (Երևանի թիվ 97 ավագ դպրոց, Նոյեմբերյանի թիվ 1 վարժարան, Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց) սովորողներն ու ուսուցիչները:
Իր ելույթում Ս. Կոսյանը կարևորեց կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնումը և հաջող փորձի կիրառումը՝ ասելով. «Միջազգային համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են խնդիրների հստակեցմանը և լուծումների որոնմանը, ինչպես նաև կրթության որակի ապահովման նոր հեռանկարների և հնարավորությունների բացահայտմանը։ Տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իրականացնելով նախագծային ուսուցման զարգացման ծրագրեր։ Օրինակ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական արկղիկ» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երիտասարդները հանուն կլիմայի» ծրագրերը զգալիորեն նպաստեցին ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ ամրապնդելով ուսումնական նախագծեր վարելու նրանց հմտությունները»:
Կլիմայական կրթությունը, ըստ Կոսյանի, կարևոր է, քանի որ այն սովորողներին օգնում է գիտակցել ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրներից մեկը: Այն զարգացնում է էկոլոգիական գիտակցություն, քննադատական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ապագայում հավասարակշիռ որոշումներ կայացնելու համար: Այն նաև ոգեշնչում է սովորողներին մասնակցել գլոբալ և տեղական նախաձեռնություններին՝ ուղղված կլիմայի փոփոխության դեմ պայքարին, ձևավորելով նրանց որպես փոփոխությունների գործակալներ և առաջնորդներ:
Փորձի փոխանակման նպատակով որոշվեց ստեղծել հարթակ, որտեղ կտեղադրվեն բոլոր մասնակից երկրների հաղթող նախագծերը: Մասնակից երկրներում կտպագրվեն «Կլիմայական արկղիկ» ուսումնաօժանդակ հավաքածուի լրամշակված տարբերակը և կբաժանվեն դպրոցներին, կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստումների շարք՝ ուղղված նրանց մասնագիտական զարգացմանը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացում բաժնի մասնագետ՝
Սիրինե Կոսյան
Comments
Post a Comment