ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ Նաիրա Ղումաշյանը և Աստղիկ Բալայանը մշակել են գրքի ուսումնասիրմանը նպաստող ուսուցչի ուղեցույց, որի փորձարկումը նախատեսված էր իրականացնել Երևանի երեք դպրոցներում: Փորձարկման առաջին փուլում մասնագետները սեպտեմբերի 23 - 25-ը սեմինարներ են վարել Երևանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168, Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 և Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 դպրոցների դասվարների համար:
Մոտ երկու ամիս փորձագետների ցուցումներին և ուղղորդումներին հետևելով՝ ուսուցիչները 3-րդ և 4-րդ դասարանների սովորողների հետ ընթերցել են գիրքը՝ զուգահեռ իրականացնելով ստեղծագործական տարբեր աշխատանքներ:
Ծրագրի փորձարկման երկրորդ փուլում «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի համահեղինակ Արմեն (Օհանյանը) Հայաստանցին հոկտեմբերի վերջին օրերին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների հետ այցելեց բոլոր երեք դպրոցները՝ հանդիպելու և աշխատելու երեխաների հետ: Արմեն Օհանյանը բոլոր դպրոցներում խաղ - զրույցների միջոցով անդրադարձավ հեքիաթի տարբեր հատվածներին, երեխաներին ներկայացրեց այն հիմնական գաղափարները, որ համահեղինակ Հարություն Թումաղյանի հետ դրել են նկարազարդ գրքի ամեն էջում: Երեխաները շատ տպավորված էին հեքիաթի բովանդակությամբ, հերոսներով և գրքի վառ նկարազարդմամբ: Հերոսների հետ խաղալով՝ սովորողները ոչ միայն արտահայտեցին իրենց տպավորությունները, այլև շատ հետաքրքիր մտքեր բովանդակության ու հերոսների արարքների վերաբերյալ: Նրանք կարևորեցին ազատության երանգները՝ ազատ խոսելը, տեղաշարժվելը, ընտրելը, հույզերն արտահայտելը, սիրով աշխատեցին գրքին կից ստեղծված «Ներկիր ազատ» տետրում: Զվարճալի էր հերոսների և սովորողների զրույցը արժեքային տարբեր հարցեր քննարկելիս: Երեխաները Արմեն Օհանյանի հետ պայմանավորվեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի երեխաների հրավերով՝ դասարանական կամ դպրոցական միջոցառման շրջանակում:
Բոլոր դպրոցներում երեխաների հետ հանդիպումներին հաջորդեց աշխատանքը ուսուցիչների հետ՝ պարզելու գրքի ուսումնասիրման ընթացքում ունեցած դժվարությունները, գրքի բովանդակության հետ ապված տարբեր հարցեր: Սեմիար - քննարկումների շրջանակում ուսուցիչները նախ՝ գրքի հեղինակին ուղղեցին իրենց հարցերը, քննարկեցին որոշ գաղափարների ներմուծման մոտեցումները, այնուհետև անդրադարձան ուսուցչի ուղեցույցի կառուցվածքին ու բովանդակությանը վերաբերող հարցերին, ներկայացրին իրենց առաջարկները: Բոլոր դպրոցների գրադարանները համալրվեցին «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի 10-ական օրինակներով:
Ծրագիրն ունենալու է շարունակություն, աշխատանքներն իրականացվելու են հանրապետության մոտ 100 դպրոցներում:
ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման
և մշտադիտարկման բաժնի մասնագետ
Աստղիկ Բալայան
Comments
Post a Comment