Ամփոփվեց «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի փորձարկումը




Այսօր ԿԶՆԱԿ հիմնադրամում ամփոփվեց «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում Արմեն (Օհանյան) Հայաստանցու և Հարություն Թումաղյանի «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի փորձարկումը։
Հանդիպմանը ներկա էին Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմեն Գրիգորյանը, գրքի համահեղինակ Արմեն Հայաստանցին, ԿԶՆԱԿ հիմնադրամի ղեկավարներն ու մասնագետները։
Նախ՝ ներկայացվեցին երեք դպրոցներում գրքի ուսումնասիրման փորձնական փուլի արդյունքները, որոնք ավելի քան ոգևորող են. թե’ երեխաները, թե’ ուսուցիչները սիրով և ստեղծագործաբար են աշխատել, ներգրավել են նաև ծնողներին ու համայնքի մյուս անդամներին։ Դպրոցների գրադարանները համալրվել են գրքի 10-ական օրինակներով։ Այնուհետև քննարկվեց հետագա համագործակցության հարցը. ծրագիրը շարունակական է լինելու, և դրանում ներառվելու է «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի ուսումնասիրումը՝ ԿԶՆԱԿ-ի մասնագետների մշակած ուղեցույցին համապատասխան։
Առաջիկայում կմշակվեն հանրապետության ևս 100 դպրոցներում «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի ներդրման մոտեցումները՝ մինչև ուսումնական տարեվերջ իրագործելու նպատակով։

ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման 

և մշտադիտարկման բաժնի մասնագետ

Աստղիկ Բալայան





Comments