Նոր ուսումնական տարվա սկզբին «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակում բաժնի մասնագետների կողմից մշակվել են միջոցառման 5 սցենարներ, որոնց շուրջ պետք է դպրոցները ծավալեին իրենց ընտրած միջոցառման բովանդակությունը՝
• «Ազգային մշակույթի գունապնակ»,
• «Գրքերի կամուրջ՝ մշակույթների միջև»,
• «Մշակույթների առցանց կամուրջ»,
• «Միջմշակութային երկխոսություն»,
• «Հետազոտական նախագիծ»։
Ծրագրի մշակմանը հաջորդել է տեղեկատվության հավաքման գործընթացը, որի արդյունքում պարզվել է, թե ՀՀ դպրոցներում որ ազգային փոքրամասնությունների երեխաներ են սովորում։
Ծրագրի մեկնարկի համար սկզբից ընտրվել են մեծաքանակ ազգային փոքրամասնություններ ունեցող 5 մարզերը՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք: Կազմակերպվել են խորհրդատվական սեմինարներ, որոնց մասնակցել են նշված մարզերի բոլոր դպրոցների տնօրեններն ու ՄԿԱ գծով տնօրենի տեղակալները:
Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին միջոցառումներ իրականացվել են նշված մարզերի մոտ 170 դպրոցներում․ դրանցից 11-ը եղել են համագործակցային ձևաչափով․ մասնակից դպրոցները համագործակցել են եզդիական համայնքների դպրոցների՝ Ռյա-Թազայի Ա․ Ամինե Ավդալի անվան միջնակարգ դպրոցի և Ֆերիկի Ռազալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցի հետ։
Ունենք նաև դպրոցներ Երևանի, Շիրակի, Տավուշի մարզերից, որոնք ևս իրականացրել են միջոցառումներ՝ նվիրված ազգային փոքրամասնություններին, անգամ ընդգրկել են այն ազգերի ներկայացուցիչներին, ովքեր մեր երկրի քաղաքացի չեն, բայց ապրում են Հայաստանում ու հաճախում ՀՀ հանրակրթական դպրոցներ, օրինակ՝ հնդիկներ, արաբներ, պարսիկներ, լիբանանցիներ...
Միջոցառումներն ունեն շարունակական բնույթ: ՀՀ մնացած 5 մարզերում և Երևանում նախատեսված է հաջորդ կիսամյակի ընթացքում իրականացնել միջոցառումների շարք՝ նվիրված մեր երկրում ապրող 11 ազգային փոքրամասնություններին:
ԿԶՆԱԿ հիմնադրամի
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment