«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ:
Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին:
«Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար:
Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում:
«Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը:
«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը:
Նյութի աղբյուրը՝ https://escs.am/am/news/26576
Comments
Post a Comment