
Ամեն տարի հունվարի 24-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է որպես «Կրթության միջազգային օր»։
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը նվիրել էր ատելության խոսքի դեմ
պայքարին՝ «Կրթությունը որպես ատելության խոսքի դեմ պայքարի գործիք. ստեղծել անվտանգ
և ներառական միջավայր բոլորի համար» կարգախոսով:
Ատելության խոսքը վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տարածում
է գտել հասարակության մեջ, ինչին նպաստում է նաև սոցիալական մեդիան, հասարակության
մեծ մասի մեդիագրագիտության պակասը։
Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հանուն խաղաղության, մարդու իրավունքների
և կայուն զարգացման կրթության մասին» հանձնարարականում, կրթության դերն առանցքային
է խաղաղության խթանման համար:
Այս համատեքստում չափազանց կարևորվում է կրթության դերը հարգանքի,
հանդուրժողականության և ներառական մշակույթի ձևավորման գործում՝ մեծ տեղ տալով ուսուցիչների
դերակատարությանը:
«Կրթության միջազգային
օրը» դպրոցներում կազմակերպելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Aspnet դպրոցներին առաջարկվել էր
ամսվա ընթացքում կազմակերպել միջոցառումներ, որոնք կօգնեին աշակերտներին պայքարել ատելության
խոսքի դեմ, հասկանալ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական հաղորդակցության
կարևորությունը:
Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Aspnet դպրոցներում իրականացվել են
տարբեր միջոցառումներ․ հայտարարվել է «Բարի խոսքերի օր». դասարանում մեկը մյուսին շնորհակալական
խոսքեր են գրել՝ նշելով, թե ինչի համար։ Պատրաստել են «Հանդուրժողականության ծառ»,
որտեղ աշակերտները թղթի վրա գրել են բարի խոսքերի օրինակներ և ամրացրել ծառի մանրակերտին։
Անցկացնել են դասեր՝ մարդու իրավունքների,
միջմշակութային երկխոսության և խտրականության դեմ պայքարի վերաբերյալ, բանավեճ-քննարկում՝
«Ինչպե՞ս պայքարել ատելության խոսքի դեմ համացանցում և իրական կյանքում» թեմայով և
այլն։
Այս միջոցառումները կօգնեն աշակերտներին ոչ միայն հասկանալ ատելության
խոսքի դեմ պայքարի կարևորությունը, այլև զարգացնել հմտություններ, որոնք նրանց կդարձնեն
ավելի հանդուրժող և իրազեկ քաղաքացիներ:
Խաղաղության կրթությունը պետք է փոխակերպող և զորացնող լինի՝
ապահովելով, որ սովորողներն ունենան գիտելիքներ, արժեքներ, վերաբերմունք և հմտություններ՝
իրենց համայնքներում խաղաղության գործակալներ դառնալու համար:
Նարինե Մնացականյան
ՈՒՄԶ բաժնի մասնագետ
Comments
Post a Comment