Աշխատաժողով «Ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ որպես կրթության որակի ապահովման նախապայման» թեմայով

 

Հունվարի 31-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի հ․2 ավագ մենթոր դպրոցում տեղի ունեցավ «Ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ որպես կրթության որակի ապահովման նախապայման» խորագրով աշխատաժողով-քննարկում, որի հիմնական նպատակը առկա դրական փորձի տարածումն էր, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ քննարկումների արդյունքում ոլորտում առկա խնդիրների ու մարտահրավերների բացահայտումը։ Աշխատաժողովին ներկա էր ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման պետ Ն․Սիրականյանը, ով իր խոսքում կարևորեց ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը, որին նպաստում են ոչ միայն դասընթացների իրականացումը, այլ նաև տարբեր աշխատաժողովներին և միջոցառումներին ուսուցիչների մասնակցությունը, դրա արդյունքում դպրոցներում պարբերաբար իրականացվող քննարկումները, յուրաքանչյուր դպրոցում ուսուցիչների դրական փորձի վերհանման և տարածման մեխանիզմների ներդրումը։ Աշխատաժողովին մասնակցում էին Գառնիի հ․2 մենթոր դպրոցի և նրան կից դպրոցների 70-ից ավելի ուսուցիչներ, տնօրեններ և փոխտնօրեններ։



    Ն․Սիրականյանի խոսքով նմանատիպ քննարկումների իրականացումը բոլոր մենթոր դպրոցներում պետք է պարբերաբար իրականացվի և դառնա մշակույթ։ Այն կնպաստի նաև մենթոր դպրոցների հզորացմանը։ Ն․Սիրականյանը շնորհակալություն հայտնեց նաև Գառնիի հ․2 ավագ դպրոցի տնօրեն Հ․Հարությունյանին աշխատաժողովի իրականացմանը աջակցելու համար։



Աշխատաժողովին քննարկվող թեմաներն էին՝ «Էսսե գրելու առանձնահատկությունները, մարտահրավերներ և ձեռքբերումներ» և «Գնահատում, ձևավորող գնահատման առանձնահատկությունները, մարտահրավերներ և ձեռքբերումներ»։ Էսսե գրել սովորեցնելու իրենց փորձով կիսվեցին Երևանի հ․159 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Գոհար Խաչատրյանը և պատմության ուսուցիչ Կարինե Գրիգորյանը, իսկ ձևավորող գնահատման տարբեր մեթոդների կիրառման իր փորձով կիսվեց ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հերմինե Աբրահամյանը։ Երկու թեմաների վերաբերյալ ծավալվեց քննարկում, որի ընթացքում մասնակից ուսուցիչները ևս ներկայացրեցին իրենց փորձը, դասավանդման ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին սովորողների մոտիվացիային, էսսե գրելու կարողությունների ձևավորման և գնահատման մեթոդաբանության գործնական կիրառությանը։ Իրականացվել է նաև աշխատաժողովի արդյունավետության գնահատում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տարբեր թեմաներ հետագա քննարկումների համար, որոնք միտված են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 













Comments