«Կամուրջ կրթության և մշակույթի միջև» առցանց համաժողով

      

 ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից նախապես հայտարարված «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որը տեղի ունեցավ ս/թ մարտի 28-ին, մասնակցեց ավելի քան հազար ուսուցիչ և այլ մասնագետներ։ Համաժողովին ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Մկրտչյանը և հիմնադրամի այլ մասնագետներ։

Իր խոսքում Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հետաքրքրվածության համար՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Նրա խոսքով՝ այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր և մշակութային նախագծեր՝ տարբեր ձևաչափերով, որոնց նպատակը մշակութային կրթության խթանումն է։

«Դժվար է սահմանել այն գիծը, որտեղ կրթությունն ու մշակույթը առանձնանում են իրարից։ Համոզված եմ, որ համաժողովի շրջանակում կծանոթանաք արձանագրված հաջողություններին և ստեղծված հնարավորություններին»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։

Արտաշես Թորոսյանը կարևորեց մշակույթի դերը կրթական ծրագրերում՝ շեշտադրելով դրա ազդեցությունը սովորողների արժեքային համակարգի ձևավորման, ստեղծագործական մտածողության զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Լիլիթ Մկրտչյանը հավելեց, որ համաժողովի ընթացքում մանրամասն քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային նախաձեռնությունները, որոնք նպաստել են կրթության և արվեստի համադրմանը՝ հարստացնելով ուսումնական միջավայրը և ընձեռելով բազմակողմանի զարգացման հնարավորություններ։

Համաժողովին ելույթ ունեցան նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։

Բացի այդ, իրենց փորձով և ծրագրերով կիսվեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի մշակութային ծրագրերում ակտիվորեն ներգրավված հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողները.

  • Նաիրա Թադևոսյան (Գյումրու թիվ 1 ավագ դպրոց, տնօրեն)՝ «Ուսուցչական համայնքի հզորացում մշակութային համագործակցությամբ»
  • Նազիկ Կակոյան (Ռյա-Թազայի միջնակարգ դպրոցի տնօրեն)՝ «Լույս բազմազանության մեջ. փոքրամասնությունների ժառանգության տոն»
  • Արթուր Տաշչյան (Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն)՝ «Ուսուցչական համայնքի ձևավորում և փորձի փոխանակում»
  • Թամարա Միրզոյան (Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ)՝ «Դպրոցը մշակույթի դարբնոց»
  • Նառա Միկոյան (Ստեփանավանի թիվ 6 դպրոցի պատմության ուսուցչուհի)՝ «Կրթություն՝ մշակույթի ուժով»

Համաժողովն ամփոփեց կրթության և մշակույթի փոխկապակցվածության կարևորությունը՝ ընդգծելով, որ կրթամշակութային նախաձեռնություններն ունեն խորքային ազդեցություն սովորողների անձնական, սոցիալական և մշակութային զարգացման վրա։




































































Comments