ՏՐՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 7» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ



Արդեն 7-րդ անգամ մեկնարկեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլը: Այս ծրագիրը հայրենիքը ճանաչելու և սիրելու մասին է, որի առանցքում հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ շփումը:

Մեկ շաբաթ տարբեր մարզերի սովորողներ հյուրընկալվելու են այլ համայնքում, կրթությունը շարունակելու են տվյալ համայնքի դպրոցում, բնակվելու են համայնքի ընտանիքներից մեկում, որի արդյունքում, վստահորեն, նրանց մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք կկարողանան արժևորել սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում:

Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 27 հանրակրթական դպրոցներ ՀՀ մարզերից և Երևանից:

Ծրագիրը տևելու է 1 շաբաթ. ապրիլի 21-25-ը: Բարի երթ մեր ծրագրին:

Նարինե Մնացականյան 

ՈՒՄԶ բաժնի մասնագետ 

Comments