2025 թ․ապրիլի 8-10-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են Արարատի մարզի ուսումնական հաստատություններ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների և ուսուցիչների համար։
Ա․ Թորոսյանը դպրոցի տնօրեններին ներկայացրել է ներդպրոցական վերահսկողության սկզբունքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկավարժներին հուզող բազմաթիվ հարցեր՝ կապված առարկայական ծրագրերի, վերապատրաստման դասընթացների, գնահատման համակարգի, ներդպրոցական վերահսկողության գործընթացի հետ։
ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանն ու ՀՊՉ և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը հանդիպեցին Արարատի, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների պատմության և գրականության ուսուցիչների հետ։ Քանի որ այս տարի 9-րդ դասարանի սովորողները ավարտական քննությանը միացյալ/ինտեգրված էսսե են գրելու պատմությունից և գրականությունից, ուստի բազում հարցեր էին կուտակվել ձևաչափի, կազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների հետ կապված։ Մասնագետները ոչ միայն ծանոթացրին նորություններին, ուղղորդումներ տվեցին, այլև տեսագործնական աշխատանք իրականացրին, որն ավելի հստակեցրեց ուսուցիչների անելիքները սովորողների հետ աշխատելիս։
Նրանք ուսուցիչներին մղեցին՝ խորությամբ ընկալելու խաչվող հասկացությունների մեջ, իսկ ուսուցիչները առաջադրված հարցադրումներից դուրս բերեցին մուտքի պարբերություններ, պնդումներ, զուգահեռներ անցկացրին պատմական և գեղարվեստական հատվածների միջև։
Տեսագործնական սեմինարին զուգահեռ՝ ուսուցիչները բարձրաձայնեցին մտահոգություններ, որոնք ունեին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, խոսեցին իրենց փորձառությունից, ձեռքբերումներից, միասին փորձեցին լուծումներ գտնել։
Գնահատման բաժնի մասնագետների հետ քննարկվեցին գնահատման նոր համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատման նոր մեթոդաբանության ներդրման հաջողություններն ու դժվարությունները Տավուշի մարզի դպրոցներում։
Գործնական աշխատանքների միջոցով վերլուծվեցին առանձին դպրոցներին վերաբերող դեպքեր։
Դպրոցների փոխտնօրենները և մեթոդմիավորման նախագահները ներկայացրին գնահատմանն առնչվող կոնկրետ օրինակներ, որոնց քննարկումը գործնական օգնություն էր սեմինար - հանդիպումների բոլոր մասնակիցներին։
Հետազոտությունների բաժնի մասնագետները «Նոր չափորոշչի և ծրագրերի ներդրման արդյունքները նախադպրոցական հաստատություններում» ծրագրի շրջանակներում բանավոր և գրավոր հարցումներ իրականացրեցին Տավուշի մարզի մի շարք ՆՈՒՀ-երում․ նպատակն էր` պարզել, թե ինչպես են ՆՈՒՀ-երի մանկավարժները գնահատում իրականացնում, ինչ խնդիրներ են տեսնում, ինչ ձեռքբերումներ են գրանցել։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժինը հարցազրույցների միջոցով մշտադիտարկում իրականացրեց մենթոր դպրոցների և հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների կողմից վերապատրաստված ուսուցիչների, դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ։
Մշտադիտարկման նպատակը ուսուցիչների կարիքների և հնարավորությունների բացահայտումն էր և մենթոր դպրոցների աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Մասնավորապես կարևորվեց, թե ուսուցիչները որքանով են կիրառում վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները իրենց դասերին, դպրոցը ինչպես է վեր հանում ուսուցիչների կարիքները և նպաստում նրանց մասնագիտական զարգացմանը։
Բոլոր հանդիպումները անցան կառուցողական մթնոլորտում և ԿԶՆԱԿ-ի աշխատանքային պլանը հարստացավ նոր անելիքներով։
Comments
Post a Comment