«Իմաստավորելով կրթությունը՝ ապատեղեկատվությունից արվեստ» ծրագրի ամփոփիչ միջոցառում

 

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Մկրտչյանը ներկա է գտնվել «Վերաիմաստավորելով կրթությունը՝ ապատեղեկատվությունից արվեստ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի և «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի համագործակցությամբ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են «Ապատեղեկատվության դեմ պայքար. ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր» ուղեցույցը և «Արվեստ և ապաքինում՝ տրավմազգայուն ուսուցման ճանապարհին» ուսումնաօժանդակ ձեռնարկը, որոնք կարևոր գործիքներ են  ուսուցիչների և սովորողների համար։  «Ապատեղեկատվության դեմ պայքար. ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր» ուղեցույցը միտված է ուսուցիչների և սովորողների  քննադատական մտածողության և գենդերային ու ինքնության հիմքով ապատեղեկատվությունը տարբերելու, ապահով թվային միջավայր ձևավորելու կարողությունների զարգացմանը։ «Արվեստ և ապաքինում՝ տրավմազգայուն ուսուցման ճանապարհին» ուսումնաօժանդակ ձեռնարկը նպաստում է ուսուցման միջավայրի բարելավմանը՝ ներառելով տրավմայի նկատմամբ զգայուն մոտեցումներ և արվեստի բուժիչ ազդեցությունը։

Լիլիթ Մկրտչյանը նշեց նաև, որ Եվրոպայի խորհուրդը 2025 թվականը հայտարարել է Եվրոպա 2025. թվային քաղաքացիական կրթության տարի, որի շրջանակում իրականացվեց նաև այս միջոցառումը: Թվային քաղաքացիական կրթության տարին իր առջև դրել է մի շարք նպատակներ՝ իրազեկությունից մինչև հասանելիություն։ Մշակված ձեռնարկների բովանդակությունը բխում է թվային քաղաքացիական կրթության հայեցակարգից, որոնք նպաստում են  հանրակրթության պետական չափորոշչի իրականացմանը։ Աշխատանքում ներգրավված մասնագետները ներկայացրեցին  նշված ուղղություններով կատարված աշխատանքները, որոնց արդյունքը եղել էր այդ երկու ձեռնարկները։ Պանելային քննարկումներին անդրադարձ կատարվեց  արժեքահեն և կարիքահեն կրթության վերաբերյալ հարցերին։

Միջոցառմանը ներկա էին նաև դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, որոնց մի մասը ներգրավվել էր ծրագրում և իրենց դպրոցներում փորձարկել ծրագիրը՝ իրականացնելով նախագծեր։

ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների 

մասնագիտական զարգացման բաժին







Comments