Վերապատրաստման արդյունքում ստեղծված ձեռնարկի շնորհանդես


2025 թվականի հունիսի 27-ին Խ․ Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի եռամսյա հեռավար վերապատրաստումների արդյունքում ստեղծված և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Երգ Հայաստանի/Բանք հայրենասիրի ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսը, որի հեղինակները «10-րդ դասարանի Հայ գրականության ծրագիրը կիրառության մեջ» թեմայով վերապատրաստմանը մասնակից ուսուցիչներն էին։

Հանդիպմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ, Խ․ Աբովյանի ժառանգներ, դասագրքերի հեղինակներ, վերապատրաստմանը հրավիրված մասնագետներ, Երևանի և մարզերի բուհերի դասախոսներ, թանգարանների տնօրեններ, կրթության փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և կրթական բարեգործական հիմնադրամների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսուցիչներ, տնօրեններ։

Հանդիպումը բացեց ձեռնարկի համահեղինակ, 159 դպրոցի տնօրենի պաշտոնակատար, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Գոհար Խաչատրյանը, որը ներկայացրեց հավաքի նպատակը, այնուհետև ներկաներին ողջունեց Խ․ Աբովյանի տուն-թանգարանի թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը․ նա խոսեց թանգարանի ջերմ հյուրընկալության, թանգարանի նոր ձեռնարկումների և Աբովյանի բացառիկության մասին նաև որպես մանկավարժի։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց կրթական նոր բարեփոխումների դերը և արձանագրված հաջողությունները, կարևորեց նմանատիպ վերապատրաստումները։

Եռամսյա վերապատրաստումների նպատակի, ընթացքի մասին խոսեց ծրագրի հեղինակ և դասընթացավար, ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, որը կանգ առավ Աբովյանի ուսուցման նոր մեթոդաբանության, ուսուցչի դերի բարձրացման, սովորողին ոգևորված, պատասխանատու և երախտագետ տեսնելու կարևորության վրա, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին այս խիզախումի համար։

Հանդիսության ամենից գեղեցիկ և անմիջական պահերից էր գինեձոնը, որի արարողությանը մասնակցեցին հրավիրված անձինք։ Արարողությանը ինքնաբուխ միացան շատերը։

Այնուհետև համահեղինակ ուսուցիչները ներկայացրին ձեռնարկի ստեղծման պատմությունը, ընթերցեցին հատվածներ պատումներից, ցուցադրեցին հատվածներ վերապատրաստումներից։ Սիրով ներկայացրին 3 ամիս տևած գրական երեքշաբթիներն ու ուրբաթները, որին հաճախ մասնակցում էին ամբողջ ընտանիքով։

Վերապատրաստման արդյունքում ձևավորվեց նույն ուղղությամբ նայող համախոհների բանակ, որոնք ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը․ մարդիկ, որոնք դարձան հարազատներ։

Միջոցառման ավարտին տարբեր դպրոցների աշակերտներ հանդես եկան ներկայացմամբ, որը ապագայի ուղերձներով էր տպավորիչ։

․․․․․ Սակայն ձեռնարկով չի ավարտվում աշխատանքը։ Արդեն ձևավորված է ուսուցչական մի մեծ խումբ, որը պատրաստվում է՝ օգոստոսին վերապատրաստելու, իր փորձը փոխանցելու նոր ուսուցիչների, որոնք չեն մասնացել նախորդ վերապատրաստումներին։

Այսպիսով ձևավորվում է վերապատրաստումների մի նոր մշակույթ, երբ վերապատրաստվածները ստեղծում են արդյունք, մի քանի լրացուցիչ սեմինարների արդյունքում դառնում են վերապատրաստող, տարածում ծրագրի բերած նոր մեթոդաբանությունը, տանում դասարան, խանդավառում սովորողին, որը այդպիսի  աշխատանքի արդյունքում կդառնա մտածող, հիմնավորված դիրքորոշում ունեցող, պատասխանաու և երախտագետ անհատ։

Ավարտին թանգարանի այգում կազմակերպված հյուրասիրությանը զուգահեռ ներկաները կարծիքներ և տպավորություններ փոխանակեցին։



























Comments