Ձեզ ենք ներկայացնում Հետազոտությունների և Գնահատման մշակման և մշտադիտարկման բաժինների համատեղ իրականացված հետազոտության ամփոփ արդյունքները.
Ընտրանք՝ 10 մարզ և քաղաք Երևան - 24 դպրոց, 138 դաս
Իրականացման ժամանակահատված - 2024 թ․ նոյեմբեր - 2025 թ․ հունվար
Նպատակը՝
վեր հանել դասավանդողների՝ գնահատման նոր համակարգի կիրառման մասին ունեցած գիտելիքները և հմտությունները,
ուսումնասիրել գնահատման տեսակների կիրառման առավելությունները և դժվարությունները:
Եզրակացություններ՝
Եզրակացություն հայտորոշիչ գնահատման վերաբերյալ
Հետազոտությունը ցույց տվեց, որ ծրագրի շրջանակում դիտարկված 24 դպրոցների 138 դասերից հայտորոշիչ գնահատում է կիրառվել 51 դասի ընթացքում: Գնահատման այդ տեսակի կիրառումը գրանցել է հետևալ արդյունքը. «արդյունավետ» արդյունք չի գրանցվել, «անարդյունավետ» կիրառում է գրանցվել 25 դասի ընթացքում, 26 դասի ընթացքում՝ «գրեթե արդյունավետ», ինչը կազմում է կիրառված հայտորորշիչ գնահատման գրեթե 50%-ը և բոլոր 138 դասերի 18․8 %-ը: Գրեթե բոլոր դասերի ընթացքում, որպես հայտորոշիչ գնահատման ձև, կիրառվել է մեծամասամբ գրավոր հարցաշարը, մի քանի բանավոր հարցումներ, ինչը սահմանափակել է տվյալ գնահատման տեսակի արդյունավետությունը։ Ուսուցիչների այս միակողմանի մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ հաշվի չի առնվել տարբեր թեմաների, սովորողների առանձնահատկությունները, որոնք կարող էին պահանջել այլընտրանքային ձևերի կիրառում, օրինակ՝ բանավոր հարցում, քննարկումներ կամ համագործակցային առաջադրանքներ։
«Անարդյունավետ» գնահատված դասերը, որոնք ըստ հետազոտության՝ 25-ն էին, պայմանավորված էին հարցաշարերի կազմման առանձնահատկությունների կառուցվածքային և բովանդակային պահանջների չիմացությամբ, ուսուցիչների պատրաստվածության կամ դասավանդման մեթոդական բացթողումներով, ժամանակի կառավարման անհամապատասխանությամբ։ Նմանատիպ խնդիրները ընդգծում են գնահատման տարբեր գործիքների՝ հայտորոշիչ բանավոր հարցման, քննարկումների, հարցազրույցների, ինչպես նաև թեստերի կիրառման անհրաժեշտությունը, քանի որ ուսումնական գործընթացում հայտորոշիչ գնահատման արդյունավետ կիրառման միջոցով հնարավոր է վեր հանել սովորողների գիտելիքների առկա մակարդակը և նոր նյութի ուսուցումը ճիշտ կազմակերպել։ Այսպիսով՝ 25 դասի ընթացքում հայտորոշիչ գնահատման անարդյունավետ կիրառման արդյունքում գրեթե 500 սովորողի համար չի ապահովվել սովորողների մուտքային գիտելիքի ստուգում, հետևաբար՝ այդքան սովորողի համար չի կարող իրականացվել արդյունավետ ուսուցում: Դա խոսում է նաև ներդպրոցական վերահսկողության բացակայության կամ անարդյունավետ իրականացման մասին:
Հայտորոշիչ գնահատման անարդյունավետ դասերի վերլուծությունից պարզ դարձավ, որ հաճախ ուսուցիչը «հայտորոշիչ գնահատում» ասելով հասկանում է մնայուն գիտելիքի ստուգումը, ուստի՝ ուսումնասիրած թեմաների վերաբերյալ հարցերի ու առաջադրանքների հիման վրա կառուցում է նոր նյութի մատուցումը և հետագա աշխատանքները: Բացի այդ՝ ոչ միշտ է կատարվում հայտորոշիչ գնահատման նպատակային պլանավորում, և ուսուցիչը առանց պլանավորելու իրականացնում է այդ աշխատանքը՝ հաշվի չառնելով հայտորոշիչ գնահատման համար նախատեսվող ժամանակը, առանց ապահովելու հայտորոշիչ գնահատման ձևերի բազմազանությունը: Հետազոտությունից պարզ դարձավ, որ հայտորոշիչ գնահատման համար այնուամենայնիվ ոչ միշտ են ընտրվում 1-ին և 2-րդ աստիճանի բարդության հարցեր և առաջադրանքներ. հաճախ դրանք բավական բարդ են լինում:
Եզրակացություն ձևավորող գնահատման վերաբերյալ.
Մշտադիտարկված 138 դասերից միայն 37-ում է իրականացվել ձևավորող գնահատում, ինչը կազմում է ներկայացված 138 դասերի 27 %-ը, որից 25 դասերի ընթացքում այն կիրառվել է «արդյունավետորեն», ինչը կազմում է բոլոր 138 դասերի 18%-ը: Երևանի 2 դպրոցների մշտադիտարկված դասերում ձևավորող գնահատում չի կիրառվել: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր դպրոցում դասալսվել է 6 դաս, ուրեմն՝ 6 դասի ընթացքում, այսինքն՝ 120 սովորողի համար չի իրականացվել կամ սխալ է իրականացվել ուսումնական աջակցություն, ինչը պետք է օգներ հասկանալ սովորողի առաջընթացը և նպաստեր նրա արդյունավետ ուսումնառությանը:
Քանի որ ձևավորող գնահատման ընթացքում է իրականացվում բուն ուսուցումն ու ուսումնառությունը, տարբեր կիրառություններով սովորողին մոտեցնում է թեմայի վերջնարդյունքներին, մտահոգիչ է, որ գնահատման այս տեսակը դասալսումների ընթացքում այդքան քիչ կիրառվել: Բացի այն, որ ձևավորող գնահատման միջոցով սովորողն ունենում է ուսումնական առաջընթաց, նա նաև ինքնագնահատման և փոխադարձ գնահատման միջոցով դառնում է իր ուսման ակտիվ մասնակից՝ հետևելով իր առաջընթացին և նպատակներին և ձեռք է բերում վերառարկայական հմտություններ և դիրքորոշում: Այսինքն՝ այն դպրոցներում, որտեղ չի իրականացվել գնահատման այս տեսակը կամ անարդյունավետ է կիրառվել, կարելի է համարել, որ ուսումնական գործընթացն իրականացվում է ոչ լիարժեք և չի ապահովվել սովորողին ներկայացվող վերջնարդյունքային պահանջները:
Եզրակացություն ամփոփիչ գնահատման վերաբերյալ
Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ամփոփիչ գնահատման անարդյունավետ կիրառությունը, ուսուցիչների տարածված մտահոգությունները ամփոփիչ գնահատման վերաբերյալ ուղիղ կապ ունեն ձևավորող գնահատման անարդյունավետ կիրառման հետ: Հիմնականում ուսուցիչները կարծում են, որ ամփոփիչ գնահատման բանավոր հարցման դժվարություններից ելնելով նվազել կամ գրեթե բացառվել է բանավոր հարցման տեսակը, ինչի արդյունքում սովորողին ներկայացվող շատ պահանջների ապահովը հնարավոր չէ ստուգել։ Այնինչ՝ եթե ուսուցիչը լիարժեք օգտագործի ձևավորող գնահատման ներուժը, բանավոր հարցումների ու բառային բնութագրումների միջոցով կարող է ապահովել այն վերջնարդյունքները, որոնք գրավոր տարբերակով հնարավոր չէ ստուգել: Հասկանալի է, որ դրա համար պետք է իրականացնել նախապատրաստական աշխատանք. ստեղծել ստուգաթերթեր, կատարել ընթացիկ համառոտ գրառումներ, ընտրել ձևավորող գնահատման ճիշտ ձևեր, ինչի համար ոչ միշտ է ուսուցիչը ժամանակ ու ջանք դնում: Արդյունքում՝ ուսուցիչները շփոթում են ձևավորող և ամփոփիչ գնահատման բանավոր տեսակը:
138 դասերից ամփոփիչ գնահատում է իրականացվել 50 դասերի ընթացքում/բոլորը գրավոր եղանակով/, որոնցից «արդյունավետ» և «հիմնականում արդյունավետ» չափանիշներ է գրանցվել 30 դասի ընթացքում, ինչը կազմում է դիտարկված ամփոփիչ դասերի 60%-ը և դիտարկված բոլոր 138 դասերի 21,7%-ը: «Ամբողջովին արդյունավետ» չափանիշ գրանցել է 8 դաս, որոնց ընթացքում լիարժեք բավարարվել են բովանդակային, թեստի կազմման կառուցվածքային պահանջները․ թեստի բարդության ճիշտ աստիճանների ապահովումը, ամփոփիչ գրավոր աշխատանքի ընթացքի կանոնների պահպանումը։
Գնահատման 3 տեսակներից ամենից շատ «ամենարդյունավետ» ցուցանիշ է գրանցել ամփոփիչ գնահատումը. 22 դաս դիտարկվել է «հիմնականում արդյունավետ» և 8 դաս՝ «ամբողջովին արդյունավետ», «անարդյունավետ» արդյունք չի գրանցվել, ինչի պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այդ տեսակը ծանոթ է ուսուցիչներին, նրանք տիրապետում են դրա կազմակերպման և իրականացման ընթացքին, այն մշտապես կիրառվել է ուսումնական գործընթացում:
Ցածր արդյունք է գրանցվել հայտորոշիչ գնահատման կիրառության ընթացքում. 8 «անարդյունավետ» և 17 «ավելի քիչ արդյունավետ»։
Արդյունքում՝
Հունվար ամսին հետազոտության ցուցանիշները տրամադրվել են Գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնին, որը իրականացրել է թեմատիկ սեմինարներ՝ համապատասխան դպրոցների ուսուցիչների հետ:
Ելնելով այս հետազոտության և այլ մշտադիտարկումների և հանդիպումների արդյունքներից՝ ԿԶՆԱԿ հիմնադրամը տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման «ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, ներդպրոցական վերահսկողության տարեկան պլան» մոդուլի մեջ, որը պլանավորվել է և արդեն իրականացվում է հիմնադրամի աշխատակիցների և մենթորների կողմից, ինչպես նաև 2025-2026 ուստարվա վերապատրաստումների մոդուլում տնօրենների և փոխտնօրենների աշխատանքային գործողությունների մեջ հատուկ տեղ է հատկացրել գնահատման բոլոր տեսակների կատարողականի վերահսկման իրականացմանը, ինչպես նաև առանձին՝ հայտորոշիչ գնահատման կատարողականի իրականացման աշխատանքային քայլաշարի պլանավորմանը և վերահսկմանը:
ԿԶՆԱԿ հիմնադրամի հետազոտությունների բաժին
02.07.2025թ.
Comments
Post a Comment