ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների տեղեկատվական սեմինարը Երևանի ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների հետ



2025-2026 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվել են Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմամբ

Օգոստոսի 29-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ամփոփվեց օգոստոսյան խորհրդակցությունները։ Խորհրդակցությունը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները իրազեկման սեմինար են իրականացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։

Գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց գնահատման համակարգում առկա փոփոխություները, այս տարվա ընթացքում ստեղծված նոր գործիքները և ուղեցույցները, գնահատման վերաբերյալ դասընթացների, այդ թվում՝ ինքնաշխատ դասընթացների թեմաները, որոնցից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները: Ներկա գտնված դպրոցների տնօրենների տեղակալներին բաշխվեցին ներկայացված բոլոր նյոթերի և դասընթացների հղումները: Տրվեցին բոլոր հնչած հարցերի պատասխանները:

 Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետները տնօրենի տեղակալներին ներկայացրել են էսսեի ներդրման վերլուծությունը, տեղեկացրել, որ խմբագրման և ձևավորման փուլում է էսսե գրելու ուղեցույցը, որը շուտով հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Խոսվել է նաև թեմատիկ պլանների, 9-րդ դասարաններում ավարտական քննությունների փոփոխության մասին։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը տնօրենի տեղակալներին ներկայացրեց ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպաստող դասընթացները և դրանց գնահատման արդյունքները, որոնք կազմակերպվում և իրականացվում են մենթոր դպրոցների կողմից։ Նշվեց նաև մենթորական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, որոնք իրականացվող դասընթացները կդարձնեն ավելի արդյունավետ։ Ներկայացվեց նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնցում ակտիվ ներգրավված են սովորողները։ Տնօրենի տեղակալներին տրամադրվեցին բաժնի կողմից պատրաստված գունազարդ էջանշանները, որտեղ ամփոփված էին բոլոր կարևոր փաստաթղթերը, ուսումնական նյութերը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինելու նոր ուստարում։  

Առարկայական ծրագրերի կատարողականին և մշակված նոր գործիքակազմին ծանոթացրին ՀՊՉ և ՈՒԾ բաժնի մասնագետները։ Նրանք կարևոր շեշտադրումներ արեցին թեմատիկ պլանավորման, դասերի պլանավորման, դասալսումների իրականացման վերաբերյալ։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեթոդիստների՝ ուսումնական գծով տեղակալների, և դպրոցներից կից գործող նախակրթարանների դաստիարակների հետ հանդիպումները վարեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետները: Հանդիպման ընթացքում խոսվեց կրթական ռազմավարական ծրագրի, «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի մասին: Մասնակիցներին տրամադրվեցին QR կոդերով էջանիշներ, որում հասանելի են անհրաժեշտ նյութերի հղումները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագետներին հուզող հարցերը:

 





























Comments