«Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի մեկնարկին ընդառաջ այցելություն ուսումնական հաստատություններ

Սեպտեմբերի 22-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը,  տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը, հիմնադրամի աշխատակիցները  և Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), ինչպես նաև Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի հետ համատեղ «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի  մեկնարկին ընդառաջ  այցելել են  Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Երևանի թիվ 198 ավագ, Աբովյանի թիվ 2 հիմնական, Սիսավանի միջնակարգ, Վանաշենի միջնակարգ դպրոցներ՝ ծանոթանալու կրթական միջավայրերին և դպրոցների հնարավորություններին։  

Նշենք որ ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվելու է ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան կրթություն ապահովող դպրոց։ Դպրոցական թիմերը հնարավորություն կստանան առաջնորդելու կայուն փոփոխությունները դպրոցում, ստեղծելու արդյունավետ կրթական միջավայր, իրականացնելու ուսուցում՝ հիմնված  ապացույցների և համագործակցության վրա:   

Հյուրերը շփվեցին սովորողների, ուսուցիչների հետ, ծանոթացան դպրոցին, պարեցին ազգային պար և ունեցան քննարկումներ դպրոցի կառավարման արդյունավետության վերաբերյալ, իսկ արդեն երեկոյան՝ Երևանի թիվ 42 ավագ դպրոցում, տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը։

Միջոցառմանը մասնակցում էին ծրագրերում ներգրավված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։ Նրանք ընդգծեցին, որ մեծ ակնկալիքներ ունեն ծրագրից՝ հավատալով, որ նախաձեռնությունները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը և կառավարման արդյունավետության մեծացմանը։  

Առաջիկա երեք օրերի ընթացքում ներգրավված դպրոցների ներկայացուցիչները առկա ձևաչափով կմասնակցեն մասնագետների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին՝ «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի շրջանակում։  






















Comments