Թվային կրթության շաբաթ

 ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղալկալ Լիլիթ Մկրտչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 2-4-ը մասնակցել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականությունը և կրթության ապագան» խորագրով միջոցառմանը:

Այն նպատակ ունի ձևավորելու ուղիներ կրթության մեջ արհեստական բանականության արդար, էթիկական և մարդակենտրոն ինտեգրման համար՝ տեխնոլոգիան դիտարկելով որպես համընդհանուր և ներառական առաջընթացի շարժիչ ուժ։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը և հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել նախարարական նիստում՝ կարևորելով արհեստական բանականության (ԱԲ) դերը կրթական գործընթացներում: Նա շեշտել է, որ կրթությունը ՀՀ մրցունակության և ներառական աճի առանցքային գործոններից է: Նախարարի տեղակալի խոսքով՝ լայնամասշտաբ կրթական բարեփոխումների, այդ թվում՝ չափորոշչի վերանայման միջոցով ավելի մեծ ուշադրություն է դարձվում ԲՏՃՄ և ապագային միտված հմտությունների ձևավորմանը՝ թվային գրագիտության ու համակարգչային գիտության ուսուցումը սկսելով տարրական դասարաններից։

Հայաստանում այս ծրագրերը դիտարկվում են ոչ միայն ընթացիկ բարեփոխումներ, այլև երկրի կրթական համակարգի զարգացման հիմնասյուներ։

Ծրագրի շնորհիվ հազարավոր շրջանավարտներ կդառնան ոչ միայն ԱԲ-ի օգտատերեր, այլև ստեղծարարներ ու նորարարներ։

Հայաստանը,որպես փոքր պետություն, կարող է դառնալ միջազգային փորձառության լաբորատորիա մեծ պետությունների համար՝ հնարավորություն տալով փորձարկել, թե ինչպես կարելի է ԱԲ-ն արդյունավետ ձևով ինտեգրել կրթական համակարգում։



    









Comments