Ավարտվեց «Ապատեղեկատվության դեմ պայքար. ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր» թեմայով վերապատրաստման դասընթացը


Կրթության ոլորտում մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանման կարևոր քայլ էր համարվում «Ապատեղեկատվության դեմ պայքար. ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր» թեմայով վերապատրաստման դասընթացի անցկացումը, որն իրականացվել է առցանց ձևաչափով։ Դասընթացին մասնակցել է շուրջ 100 և ավելի ուսուցիչ Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններից։

Վերապատրաստման հիմնական նպատակն էր․
  • Մասնակիցներին ծանոթացնել ապատեղեկատվության և մեդիագրագիտության ոլորտին, ձևավորել ամբողջական պատկերացում ապատեղեկատվության երևույթի, դրա ձևերի և ազդեցության մասին՝ ընդգծելով դրա կապը կրթական միջավայրի և հասարակական զարգացման հետ։
  • Ընդլայնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ապատեղեկատվության նույնականացման, քննադատական մտածողության խթանման, մեդիագրագիտության և թվային անվտանգության ոլորտներում։
  • Խրախուսել մասնակիցներին շարունակաբար զարգացնել մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով հետագա վերապատրաստումներին, կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորարարական մեթոդները, ինչպես նաև աջակցելով գործընկերներին և սովորողներին։
  • Զարգացնել վերապատրաստման հմտությունները՝ ապահովելու համար ուսուցիչների և սովորողների մոտ ապատեղեկատվության դեմ պայքարի գործնական կարողությունների ձևավորումը և անվտանգ թվային միջավայրի խթանումը։
Դասընթացի ընթացքում կիրառված մեթոդաբանությունը, ինտերակտիվ աշխատանքային ձևաչափը և ակտիվ քննարկումները նպաստեցին նշված նպատակների և վերջնարդյունքների ապահովմանը։ Մասնակիցներից շատերը ոչ միայն զարգացրին սեփական մասնագիտական հմտությունները, այլև իրենց ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավորություն ստացան դառնալ մենթորներ՝ հետագայում իրենց ձեռք բերած գիտելիքները այլ ուսուցիչների փոխանցելու համար։
Վերապատրաստումն իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից։ Դասընթացները վարել են ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը։
Դասընթացը մշակվել է «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։


 















Comments