Նոր չափորոշչի ներդրմամբ փոխվել են ուսուցիչների մոտեցումները։ Եվ մեր մշտադիտարկումները նպատակաուղղված են՝ ստանալու չափորոշչի տրամաբանությունից բխող մի շարք հարցերի պատասխաններ՝
ա/ ինչպե՞ս է փոխվել սովորողների տրամադրվածությունը դասերին
բ/ դասին պատրաստվելիս և դասարանում ինչի՞ն է ուղղված ուսուցչի ջանքը
գ/ սովորողները ինչո՞ւ են ուսումնասիրում այս կամ այն թեման․ նրանք դասի կամ թեմայի ավարտին ստանո՞ւմ են այս հարցերի պատասխանները։
Հոկտեմբերի 3-ին այցելելով Սևանի Մ․ Մաշտոցի անվան հ․ 1 դպրոց և ներկա գտնվելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Գալստյանի դասին՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանն ու Շիրակացի գիտակրթական համալիրի գիտաուսումնական ամբիոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը ստացան այդ հարցերի պատասխանները։
8-րդ դասարանում Պ․ Դուրյանի «Լճակ» բանաստեղծության ամփոփումն էր։ Ուսուցչուհին հիմքում դրել էր մոդալության գաղափարը, հաջողությամբ միջառարկայական կապեր անցկացրեց և Դուրյանի ապրումները տեղափոխեց սովորողների հուզական տիրույթ։ Բաց ու անմիջական մթնոլորտում անցավ դասը։
Այցելեցինք նաև 9-րդ դասարան, որտեղ աշակերտները հարցեր էին պատրաստել էսսեի մասին, անկեղծ զրուցեցինք, պատասխանեցինք նրանց բոլոր հարցերին և տպավորված հեռացանք դպրոցից։
Comments
Post a Comment