ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը մասնակցել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 100-ամյակին


ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի   մասնագետները նոյեմբերի 11-ին ներկա են գտնվել Սյունիքի մարզի Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ 

Հոբելյանական հանդիսության ընթացքում ներկայացվեց կրթօջախի հարուստ ու բազմաշերտ անցած ճանապարհը՝ ընդգծելով դպրոցի դերը քաղաքի կրթական, մշակութային և հասարակական կյանքում։ Միջոցառման շրջանակում  ներկայացվեց դպրոցի ձևավորման ժամանակաշրջանը, խորհրդային տարիներին ունեցած ձեռքբերումները, կրթական նորարարական ծրագրերի իրականացումն ու ժամանակակից փուլում արձանագրված հաջողությունները։  


Ներկաները հնարավորություն ունեցան լսելու դպրոցի նախկին տնօրենների, ավագ սերնդի մանկավարժների և տարբեր տարիների շրջանավարտների հիշողություններն ու շնորհավորանքները, որոնք ընդգծում էին կրթօջախի բարձրարժեք ավանդույթները և սերնդեսերունդ փոխանցվող արժեքները։ Նրանք առանձնահատուկ գնահատանքի խոսքեր հնչեցրին այն նվիրված մանկավարժների մասին, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտական գործունեությամբ ձևավորել են դպրոցի հեղինակությունը։ 

Ելույթով հանդես եկավ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով դպրոցի դերը համայնքի զարգացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ստեղծարար ու փորձառու տնօրեն Լուսինե Զաքարյանին՝ հիանալի միջոցառման համար; Նա ներկայացրեց նաև այն ծրագիրը, որում ներգրավված է դպրոցը, որն, անշուշտ,  նպաստելու է դպրոցի շարունակական զարգացմանը։ 

Տոնական միջոցառման մշակութային մասը ևս առանձնացավ բազմազանությամբ՝ դպրոցի սաների և շրջանավարտների երաժշտական կատարումներով։  
















Comments