Գիտության համաշխարհային օրը՝ նոյեմբերի 10-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հ. 1 հիմնական դպրոցում կայացավ «Ապագա ֆիզիկոսները - 2» միջոցառումը: Արդեն երկրորդ անգամ միջոցառումն իր շուրջն է հավաքում ուսուցիչների, կրթության բնագավառի մասնագետների, կրթության կառավարիչների, միջոցառմանը ներկա էին նաև ավելի քան 240 սովորողներ, որոնք հետաքրքրությունների ու մասնագիտական որոնումների շրջանում են, և նման հավաքները կարևոր դեր ու ազդեցություն կարող են ունենալ որոշումների կայացման հարցում:
«Ապագա Ֆիզիկոսները -2» միջոցառմանը ներկա էին նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանը:
Ժաննա Հարությունյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց նմանօրինակ հավաքների դերը սովորողների արդյունավետ ուսումնառության, խնդիրներ սահմանելու և դրանք համատեղ լուծելու, հավակնոտ նպատակների ձգտելու հարցում: Կարևոր է, որ հենց սովորողներն են դրսևորում նախաձեռնողականություն, ակտիվ դերակատարում են ունենում դպրոցական և արտադպրոցական առօրյայում:
Ներկաներին շնորհավորելով գիտության օրվա և «Ապագա ֆիզիկոսները - 2» միջոցառման առիթով՝ Ժաննա Հարությունյանը միջոցառման հեղինակ և կազմակերպիչ Դավիթ Աբրահամյանին ու «Ֆիզիկայի աշխարհ կրթահամալիրի» թիմին մաղթեց հաջողություն, նոր գաղափարներ ու դրանք իրագործելու կամք ու հնարավություններ:
Միջոցառման ավարտից հետո ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և Աստղիկ Բալայանը հանդիպեցին Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հ. 1 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ, անդրադարձան ուսուցիչներին մտահոգող հարցերին։
Comments
Post a Comment