ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է «Ուսումնական միջավայրի ձևավորման մոտեցումներ» թեմայով վերապատրաստման դասընթացների իրականացումը

Ժամանակակից կրթական համակարգում ուսումնական և մասնագիտական միջավայրի արդյունավետ փոխկապակցումը դարձել է կարևորագույն պահանջ։ Գիտելիքը և հմտությունները ամբողջական արժեք են ստանում միայն այն ժամանակ, երբ դրանք կիրառվում են ճիշտ ձևավորված ուսումնական միջավայրում, որտեղ կարևորվում են դասասենյակի ֆիզիկական պայմանները, դասարանի կառավարման ոճը, դասի արդյունավետ սկիզբը և ավարտը, խմբային աշխատանքի կազմակերպումն ու կառավարումը, վարքի կանոնների սահմանումը և վարքի ինքնակառավարումը։ Նման միջավայրում իրականացվող ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին զարգացնել խնդիրներ լուծելու, համագործակցելու, նախաձեռնություն ցուցաբերելու և նոր իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ Դասասենյակի ֆիզիկական պայմանների ապահովումը, դասարանի կառավարման ճիշտ մոտեցումները, ժամանակի արդյունավետ բաշխումը և դասի կազմակերպումն ապահովում են սովորողների ակտիվ ներգրավվածությունն ու ուսուցման բարձր որակը։ Արդյունավետ ուսուցմանը նպաստում են ինչպես դասարանի կազմակերպվածության մոդելներն ու խմբային աշխատանքի ձևերը, այնպես էլ դրանց հստակ ու նպատակային կառավարման մեխանիզմները։ Սովորողների վարքի կանոնների ձևավորումը, ինքնակառավարման կարողությունների զարգացումը և առաջացող խնդիրների լուծման արդյունավետ ուղիները ևս մեծացնում են ուսուցման արդյունավետությունը։  

Վերոնշյալ բոլոր հարցերին անդրադարձ է կատարվել «Ուսումնական միջավայրի ձևավորման մոտեցումներ» թեմայով վերապատրաստման դասընթացների ընթացքում, որոնք մեկնարկել են 2025թ․ հոկտեմբերի 22-ին և կրում են շարունակական բնույթ։ Մեկ ամսվա ընթացքում դասընթացներին մասնակցել են շուրջ 200 ուսուցիչներ Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններից։ 

Դասընթացի ընթացքում կիրառված մեթոդաբանությունը, ինտերակտիվ աշխատանքային ձևաչափը և ակտիվ քննարկումները նպաստեցին դասընթացի վերջնարդյունքների ապահովմանը։ Մասնակիցներից շատերը ոչ միայն զարգացրին սեփական մասնագիտական հմտությունները, այլև պատրաստակամություն հայտնեցին իրենց ձեռք բերած գիտելիքները անմիջապես իրենց գործընկերներին փոխանցելու համար։ 

Դասընթացը մշակումը և վարումը իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանի կողմից։  

ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 










 


 

Comments