Ավարտվեց «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» աշակերտական նախագծի իրականացման վերաբերյալ սեմինարների շարքը ուսուցիչների և սովորողների համար

ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի նախաձեռնությամբ իրականացվող «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» աշակերտական նախագիծը հաջողությամբ եզրափակեց իր սեմինարների շարքը՝ ընդգրկելով նախագծում ներգրավված սովորողներին և նրանց ուսուցիչներին։ Նախագիծը միավորում է կրթությունը, արվեստը և տեխնոլոգիան, որը միտված է զարգացնելու սովորողների 21-րդ դարի հիմնական հմտությունները՝ քննադատական և ստեղծագործական մտածողություն, համագործակցություն, ինքնաճանաչում, ինչպես նաև թվային և մեդիագրագիտություն։ 

Նախաձեռնությունն սկսվել է նոր ուսումնական տարվա սկզբին՝ գրավելով մեծ հետաքրքրություն. մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 130 դպրոց։ 

Առաջին սեմինարին մասնակցել է 89 ուսուցիչ, որոնք ծանոթացել են նախագծի կառուցվածքին, նպատակներին և մոտեցումներին։ Սեմինարը վարել է ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Սիրինե Կոսյանը։ 

Երկրորդ սեմինարը կազմակերպվել է ուսուցիչների և սովորողների համատեղ մասնակցությամբ՝ ապահովելով առավելագույն ներգրավվածություն։ Այս փուլում ներկայացվել են ֆիլմի ստեղծման գործնական փուլերը։ Սեմինարը վարել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հանրային կապերի, ՏՏ և շարունակական կրթության բաժնի պետ Վովա Արզումանյանը, ինչպես նաև Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոռեժիսոր Նարեկ Պետրոսյանը։ Ուսուցանվել են սցենարի մշակման, ռեժիսուրայի և մոնտաժի հիմնական սկզբունքները։ 

Երրորդ խորհրդատվական սեմինարը նվիրված էր ֆիլմի պատմության կառուցմանն ու սցենարի կառուցվածքի խորքային մասնագիտական քննարկմանը։ Այն վարել է Երևանի Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը։ 

Բոլոր սեմինարները իրականացվել են համագործակցային ձևաչափով՝ սովորողների ակտիվ մասնակցությամբ։ Նրանք հնարավորություն են ունեցել ուղղել հարցեր ոլորտի մասնագետներին և ստանալ գործնական խորհուրդներ ֆիլմարտադրության ողջ գործընթացի վերաբերյալ։ 

Առաջիկայում նախատեսվում է ֆիլմերի վերջնական մշակումն ու ներկայացումը առաջին դպրոցական մրցութային փուլին։ Այս փուլի ավարտից հետո յուրաքանչյուր դպրոցում ձևավորված հանձնաժողովը կընտրի մեկ լավագույն ֆիլմ, որը մինչև դեկտեմբերի 20-ը կներկայացվի մենթոր դպրոց՝ մասնակցելու երկրորդ մրցութային փուլին։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 










 

Comments