«Դպրոցի առաջնորդ» ծրագրի մասնակիցների ուսումնաճանաչողական այցը Էստոնիա

Նոյեմբերի 16–20-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և Հանրակրթության ուսումնական հաստատությունների թվով 19 տնօրեններ մասնակցել են  «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ),  Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), ինչպես նաև Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի հետ համատեղ իրականացվող «Դպրոցի առաջնորդ» ծրագրի շրջանակներում Էստոնիայում իրականացվող վերապատրաստումներին։ 

Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել Էստոնիայի կրթական համակարգի լավագույն փորձը։ 

Գործուղումը նպատակ ուներ աջակցելու դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու կրթական գործընթացների արդիականացմանը՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով էստոնական կրթական համակարգում կիրառվող հաջողված մոդելները։ 

Այցելությունն ուղղված էր հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը․  

  • Դպրոցի կառավարման համակարգի կատարելագործում՝ ուսումնասիրելով Էստոնիայի արդյունավետ կառավարման մոդելները, որոշումների կայացման տվյալահեն մեխանիզմները և որակի ապահովման գործիքները, 

  • Աշակերտակենտրոն և նախագծային ուսուցման մեթոդների տեղայնացում՝ ծանոթանալով այն մեթոդաբանություններին, որոնք խթանում են սովորողների ինքնավարությունը, պատասխանատվությունը և ակտիվ մասնակցությունը ուսումնառությանը, 
  • Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման նոր մոտեցումների ուսումնասիրություն, որոնք հնարավորություն են տալիս ձևավորելու համագործակցային, արդիական և զարգացող մանկավարժական համայնք, 
  • Դպրոց–համայնք համագործակցության ամրապնդում՝ ուսումնասիրելով համայնքի և ծնողների ներգրավման արդյունավետ մոդելները և գնահատելով դրանց կիրառելիությունը ազգային ուսումնական հաստատությունների միջավայրում, 

  • Նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձի ուսումնասիրություն, մասնավորապես՝ Արհեստական բանականության կիրառումը կրթական գործընթացում, որը կարևոր է մեր դպրոցի՝ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների բարելավման և ընդլայնման համար 
  • Վերապատրաստման ընթացքում մասնակիցները այցելել են Տալլինի ուսումնական հաստատություններ, որտեղ ծանոթացել են, թե ինչպես են ուսուցիչները համագործակցում, և  աշակերտների ինքնավարությունը դառնում է կրթության առանցքային արժեք։  

    Ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ դպրոցական  մշակույթը ձևավորվում է բաց երկխոսության և վստահության հիման վրա։ 

    Այս այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կրթությունը զարգանում է, երբ կա համագործակցություն, վստահություն և նորարարություն։ Էստոնիայի փորձը մեզ համար ոչ միայն օրինակ է, այլ նաև խթան՝ Հայաստանում կրթության որակը բարձրացնելու համար։  


     





















Comments