Ամփոփվեցին «Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործունեության կառավարումը» թեմայով դասընթացի արդյունքները
«ԿԶՆԱԿ» հիմնադրամը թվերով ամփոփում է «Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործունեության կառավարումը» թեմայով դասընթացը։
Պետք է նշենք, որ նման նախաձեռնություն իրականացվում է առաջին անգամ։ Երևանի և Հայաստանի բոլոր մարզերից շուրջ 400 վարչատնտեսական մասի համակարգող ս․թ․հունիսի 25-ից հուլիսի 14-ը մասնակցել է դասընթացին։ Դասընթացի շրջանակում ձևավորվել է 22 խումբ՝ յուրաքանչյուրը վեց ժամ տևողությամբ։ Դասընթացն իրականացվել է ծրագրին և թեմատիկ պլանին համապատասխան։ Հանդիպումները իրականացվել են հեռավար և տեսագրվել են։
Վերապատրաստումն ընդգրկել է հետևյալ թեմաները՝
• Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների գործառույթները։
• Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի կադրային կառավարումը ։
• Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի կողմից ֆինանսատնտեսական կառավարումը ։
• Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների բարեվարքության կանոնները։
Դասընթացի շնորհիվ և դրա շրջանակներում մասնակից համակարգողները ձեռք բերեցին մասնագիտական նոր գործիքներ՝ ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքը, ինչպես նաև կարողացան՝
• տիրապետել հանրակրթական ուսումնական հաստատության համակարգողի գործունեության իրավական հիմքերին,
• նորովի ըմբռնել հաստատության ֆինանսատնտեսական կառավարման գործընթացի առանձնահատկությունները,
• բացատրել հաստատության ֆինանսավորման սկզբունքները և ֆինանսական կառավարման մոտեցումները,
• հաստատության գլխավոր հաշվապահի հետ միասին ապահովել հաշվապահական հաշվառման իրականացումը և հասկանալ օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվետվությունների ներկայացման ընթացքը,
• իրականացնել հաստատության վարչատնտեսական, ֆինանսական և կադրային ուղղությունների հիմնական փաստաթղթերի շրջանառությունը,
• արտահայտել իրենց դիրքորոշումը համակարգողի բարեվարքության հիմնական սկզբունքների պահպանման կարևորության շուրջ։
Դասընթացն իրականացրին Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի պետ Արսեն Հարությունյանը և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման բաժնի մասնագետ Արմեն Հովսեփյանը:
Comments
Post a Comment